16.03.2020 16:36

Լիզա Ճաղարյան. «Ընդդիմադիր» ավազակախումբը կորոնավիրուսից վտանգավոր է

Լիզա Ճաղարյան. «Ընդդիմադիր» ավազակախումբը կորոնավիրուսից վտանգավոր է

Չեմ ուզում հասնել մինչեւ 90-ականներ եւ հիշեցնել, թե փլուզված սովետի, ահավոր երկրաշարժի ավերակների տակ մնացած եւ միաժամանակ Արցախի ու Հայաստանի սահմաններին կենաց-մահու կռիվ տվող մեր նորանկախ երկրում ինչպես էին պահում իրենց, այսպես կոչված, ընդդիմադիրներն ու սրանց ծառայող լրատվամիջոցները, ինչ «հոգեցունց» հանրահավաքներ էին կազմակերպում ընդդեմ առաջին քայլեր անող իշխանության։

Ավելի թարմ ու դեռեւս չսպիացած վերք՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը հիշելն էլ բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ կկատարվեր Հայաստանում, եթե մինչ ապրիլյան այդ ողբերգությունը գահընկեց արված լինեին ռոբասերժական հանցագործները, եւ սրանք այդ օրերին հանդես գային իբրեւ «ընդդիմություն»՝ գրչակների իրենց խաժամուժի հետ միասին։

Մինչ հիշեցնելը, թե ինչպես էին պահում իրենց այդ օրերի իրական ընդդիմադիրները եւ իշխանություններին չծառայող լրատվամիջոցները, չմոռանանք ամենակարեւորը՝ Հայաստանի քաղաքացիների ճնշող, շա՛տ ճնշող մեծամասնությունը մինչեւ հոգու խորքն ատում էր ՀՀԿ-ական իշխանավորներին եւ ոչ միայն տենչում էր սրանցից ազատվել, այլեւ, բիրտ ուժի եւ ոստիկանական բեսպրեդելի պայմաններում, չէր դադարում պայքարել ավազակախմբի դեմ։

Ահա այս մթնոլորտում գլխներիս պայթեց զարհուրելի ապրիլը։

Ինչպե՞ս պահեցին իրենց այդ շրջանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ ազատ լրատվամիջոցները։ Բոլորս էլ հիշում ենք. ընդդիմադիրներն, ատամները սեղմած, համախմբվեցին իրենց ատելի իշխանության շուրջը, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները, տեղեկություններ հրապարակելիս, առաջնորդվում էին միմիայն պաշտոնական հաղորդագրություններով։
Եթե նույնիսկ այս ուղուց շեղվողներ կային, ապա ո՛չ անկառավարելի Ֆեյսբուքում, ո՛չ լրատվամիջոցներում այս կարգի անպատասխանատու մարդիկ չէին քաջալերվում, հակառակը՝ դատապարտվում էին։

Եվ սա ա՛յն դեպքում, որ այդ նույն ընդդիմադիր ուժերը, այդ նույն լրատվամիջոցները վստահ էին նաեւ հե՛նց այդ զարհուրելի չորս օրվա ընթացքում եւ մինչ օրս էլ վստահ են, որ ապրիլյան քառօրյա պատերազմն այդչափ ողբերգական չէր լինի, այդքան շատ թանկագին ու անդառնալի կորուստներ չէինք ունենա, եթե ռոբասերժական իշխանությունը լափելու ու գողանալու իր անհագ ախորժակը զսպեր, երբ բանը հասնում էր Բանակին եւ մեր պատանի զինվորների անվտանգությանը։

Իսկ հիմա խոր շունչ քաշեք եւ տեսեք, թե ինչ է կատարվում իրեն «ընդդիմություն» հռչակած նախկինների ճամբարում կորոնավիրուսի համաճարակի այս ծանր շրջանում, համաճարակ, որ ո՛ղջ աշխարհի կոկորդից է բռնել, եւ մենք միակը չենք ու, միակը չլինելով, նաեւ ծանրագույն ու ծայրահեղ իրավիճակում հայտնված երկրների ցանկում չենք ու, բարեբախտաբար, անգամ այդ ցանկի մատույցներում չենք։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ ճիվաղային չարախնդություն է թագավորում սրանց ծառայող ԶԼՄ-ներում, ինչ անհեթեթ ու թարախահոտ գրառումներ են շրջում Ֆեյսբուքում (չեմ դիտում սրանց հեռուստաընկերությունների բարբաջանքները, բայց հրաշալի պատկերացնում եմ հեռուստաէկրաններից սելավի պես թափվող թույնի ու մաղձի չափը)։

Չերկարացնեմ. ինչպես որ սրանք գերագույն հեշտանքով հրապարակում էին մեզ հետ պատերազմող պետության ղեկավարի գնահատականները ներկա իշխանության մասին, նույնպիսի հաճույք են ստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մասին լսելիս։

Ես չեմ զարմանում. ինչպես քսան տարի վերաբերվել են մեր պետությանը եւ Հայաստանի քաղաքացիներին, նույնն էլ շարունակվում է հիմա՝ սրանց աղբանոց նետվելուց հետո, երբ ճարահատյալ որոշեցին  ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհել եւ իրենց անլվա ոտքերով կոխկռճել ու վարկաբեկել նաեւ այս տարածքը։  

Հայաստանը սրանց երկիրը չէ, Հայաստանի քաղաքացիները սրանց հայրենակիցները չեն, սրանք անհայրենիք արարածներ են եւ ատելությունից այնպես են կուրացել, որ մտքներով չի էլ անցնում՝ կորոնավիրուսը բոլոր այս կարգի հիվանդությունների նման վարակ է եւ «հյուր գնալիս» ՀՀԿ-ական կամ պիցայակեր չի հարցնում։

Առողջություն բոլորիս։ Նույնիսկ՝ ժանիքները սրած այս խաժամուժին։