18.03.2020 17:44

Ուկրաինան միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի դեմ

Ուկրաինան միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի դեմ

Ուկրաինայի ռադան ընդունել է նախագահ Վլադիմիր Զելոնսկու առաջարկած օրինագիծը, որը կոչված է խոչընդոտելու կորոնավիրուսի տարածումը։

Օրինագիծը նախատեսում է տուգանքներ կարանտինի  խախտման համար, առևտրի կետերի մեծ մասի փակում, հանրային միջոցառումների չեղարկում և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցում։

Կարանտինի կանոնները խախտելու համար քաղաքացիներին սպառնում է տուգանք՝ 17-ից մինչև 34 հազար գրիվնայի չափով (640-1280 դոլար), իսկ պաշտոնյաների համար այդ գումարը կկազմի 34-ից 170 հազար գրիվնա (1280-6400 դոլար)։ Իսկ եթե կարանտինի խախտումը հանգեցրել է որևէ մեկի մահվան, ապա պատիժը կլինի 5-8 տարվա ազատազրկում։

Վլադիմիր Զելենսկին խոստացել է «կոշտ, արագ և, հնարավոր է՝ անսովոր ձևով»  գործել  այն բանից հետո, երբ Ուկրաինայում պաշտոնապես հաստատվել էր Covid-19-ով վարակվելու յոթ և մահվան մեկ դեպք։

Փոխանցում է BBC-ն։