20.03.2020 10:24

ՄՕԿ-ը թույլատրել է միջազգային վարկանիշային մրցաշարեր անցկացնել նաև հունիսին

ՄՕԿ-ը թույլատրել է միջազգային վարկանիշային մրցաշարեր անցկացնել նաև հունիսին

Միջազգային օլիմպիական կոմիտեն միջազգային ֆեդերացիաներին թույլատրել է օլիմպիական վարկանիշային մրցաշարեր անցկացնել նաև հունիս ամսին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մակսիմ Ագապիտովը:

«Մենք, իհարկե, համաձայն չենք նման որոշման հետ: Մարզիկները ցանկանում են իրենց լավագույն մարզավիճակում մոտենալ Օլիմպիական խաղերին, սակայն հունիսին վարկանիշային մրցաշարեր անցկացնելն ավելորդ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն այլ ելք չի թողնում: Լիահույս եմ, որ Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի»,- Ագապիտովի խոսքը փոխանցում է Ria Novosti-ն:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միջազգային ֆեդերացիաները որոշել են հետաձգել մարտին և ապրիլին նախատեսված բոլոր վարկանիշային մրցաշարերը: Սպասվում է, որ հետաձգված մրցաշարերը կմեկնարկեն մայիսի սկզբից:

Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ այս պահին Օլիմպիական խաղերը հետաձգելու որևէ պատճառ չի տեսնում: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։