20.03.2020 14:38

Պարետը ժամանակավորապես արգելել է որոշ ապրանքների արտահանումը

Պարետը ժամանակավորապես արգելել է որոշ ապրանքների արտահանումը

Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել` առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին: Որոշման մեջ նշվում է.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով՝

1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։

3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00: 5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:

 

Արտադրատեսակների ցանկ. Ապրանքների նկարագրություն

 

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3

Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

Առանձնահատուկ ամրության բախիլներ

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն

Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ