20.03.2020 15:04

Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով անցել է Չինաստանից

Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով անցել է Չինաստանից

Իտալիայում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մեկ օրում ավելացել է 427-ով՝ ընդհանուր առմամբ դառնալով 3405։

Չինաստանում, որտեղ առաջինն է հայտնվել այդ վիրուսը, պաշտոնական տվյալներով՝ մահացել է 3245 մարդ, թեպետ փորձագետները որոշոկի վերապահությամբ են ընդունում այս տվյալները։

Իսկ եվրոպական երկրները քննարկում են կարանտինային միջոցառումները երկարաձգելու հնարավորությունը։

Իտալիայում պարտադիր 14-օրյա կարանտինը սկսվել է մարտի 12-ին, բայց իշխանությունները որոշում են կայացրել այն շարունակել նաև մարտի 25-ից հետո։ Ըստ էության՝ բոլոր իտալացիներին պարտադրվում է մնալ տանը։

15-օրյա կարանտինը երկարացնելու մասին հայտարարել է նաև Ֆրանսիան։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, թե հունիսի վերջին համաճարակը կարող է թուլանալ, սակայն դրա ոչ մի երաշխիք չկա։

ԵՄ-ում խիստ սահմանային վերահսկողություն է սահմանվել։ Միության մեջ չգտնվող երկրների ճանապարհորդներին սահմանից ներս չեն թողնում և ետ են ուղարկում։ 27 երկրները որոշել են մուտքն արգելել 30 օրով։

Իսպանիան հինգշաբթի հայտարարել է նախորդ օրվա մահերի թիվը՝ 169 (ընհանուր առմամբ՝ 767 մահվան դեպք)։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախորդ օրը տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ «Իրավիճակը լուրջ է։ Լուրջ վերաբերվեք դրան։ Միավորման ժամանակներից ի վեր, նույնիսկ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մեր երկիրը չի բախվել այնպիսի փորձության, որի ելքը կախված է մեր կոլեկտիվ համերաշխությունից»,- ասել է կանցլերը։

Փոխանցում է BBC-ն։