20.03.2020 16:54

Կորոնավիրուսից օգտվողները

Կորոնավիրուսից օգտվողները

Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել կորոնավիրուսի փորձությունը, եւ երբ գրեթե բոլորը հասկանում են, որ հաղթահարման առաջին պայմանը կարգապահությունն ու կեղծ տեղեկատվություն չտարածելն է, նախկինների եւ նրանց արբանյակ ակտիվիստների տեղեկատվական գրոհն անգամ կարդալ չի լինում: Նյարդերը խնայելու համար:

Որովհետեւ բարոյականության հետ որեւէ աղերս չունեցող տեղեկատվական հոսքը հորդում է: Բայց դա հեշտ է անել մեդիագրագետ հատվածին, իսկ ահա, ըստ տեղեկատվության հեղինակների, տեղեկատվության ճշմարտությունն ու առավելեւս նպատակը հասկանալ չիմացող մի զգալի հատված, փաստացի, իրենից անկախ դառնում է տեղեկատվական այդ վիրուսի կրողն ու տարածողը: Այսինքն, եթե իրական կյանքում կորոնավիրուսի համաճարակ է, ապա տեղեկատվական կյանքում էլ նույնն է:

Ու խնդիրը քննադատությունը չէ, դա պարտադիր պետք է լինի, խնդիրը հանրությանը հղվող մեսիջներն են: Մեկը ասում է. «Պետք չէ օգնել Նիկոլին, որովհետեւ նա երախտամոռ է», մյուսն ասում է. «Գաղափարներ շատ կան, բայց գիտենք` ինչ էլ անենք ու առաջարկենք, Նիկոլն ամեն ինչ փչացնելու է», ուստի մեսիջներ են հղում` չօգնել իշխանությանը, իրական նպատակ ունենալով միայն մեկ բան. օգտվել այս իրավիճակից քաղաքական վերադասավորումների հասնելու համար, օգտվել իրավիճակից` սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Այսինքն, երկիրը նույնականացնում են անձի հետ, որին իրենք չեն սիրում, ու որովհետեւ՝ հետո երախտապարտ չի լինելու: Միայն բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձը կարող է մտածել, որ եթե իշխանությանը չես սիրում, ապա պետք է նրան խանգարել, որովհետեւ հետո երախտապարտ չի լինելու, եւ կամ մտածել, թե ինքը ինչ-որ բան պետք է անի` երախտիք ակնկալելով:

Ջհանդամ թե չի լինի, մենք մեզանից կախվածն անում ենք կամ պետք է անենք երկրի համա՞ր, թե` երախտիքի: Սա շատ էական ու անկյունաքարային խնդիր է, որովհետեւ միայն բարոյականության հատակում հայտնված անձը կարող է նման մեսիջներ հղել, զուգահեռաբար  ձեռքերը շփել` հույսով սպասելով, որ իր մեսիջներն ազդեցություն կունենան, իշխանությունները կտապալվեն, ու ահա այդ պահին իրենք քաղաքական դիվիդենտներ կշահեն: Հասկանալով հանդերձ, որ նման հարցերում ցանկացած իշխանության տապալում երկրի եւ հասարակության տապալումն է, որ քաղաքականության մեջ չգրված կանոններ կան, որ եթե անգամ պատերազմի ժամանակ կարող են հակառակորդները ավելի մեծ խնդիրների հանդիպելիս` ժամանակավոր դադար վերցնել, ապա քաղաքականության մեջ՝ առավելեւս:

Բայց որոշ նախկինների պարագայում զարմանալի չէ այս վարքը. իրենք դասեր չեն քաղել, չեն քաղում եւ չեն քաղելու: Իրենք այդպիսին էին 90-ականների սկզբին` պատերազմի ժամանակ, իրենք այդպիսին էին, երբ իշխանության էին, այդպիսին են մնացել նաեւ այսօր: Հենց իրենք են երախտամոռ նախեւառաջ, որովհետեւ ձեւացնում են, թե չեն հիշում, որ երբ իրենք էին իշխանության` երկրի համար դժվար պահերին ընդդիմադիրների մեծ մասը հանուն պետության իրենց քաղաքական հարվածներ չէր հասցնում, իսկ ընդդիմադիրների այն փոքր մասը, որ օգտվում էր այդ վիճակից եւ խախտում բոլոր չգրված օրենքները, այսօր հենց իրենց կողքին են եւ, իրենց հետ համատեղ ուժերով, նույն բանն են անում նաեւ այսօր:

 

Արսեն Օհանյան