23.03.2020 15:25

Իտալիայում Covid-19-ի զոհերի ամենօրյա թիվը մի քիչ նվազել է

Իտալիայում Covid-19-ի զոհերի ամենօրյա թիվը մի քիչ նվազել է

Անցած օրվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է Covid-19-ից մահվան 651 դեպք, կիրակի օրը հաղորդել է Քաղաքացիական պաշտպանության ղեկավարը։ Դա զգալիորեն պակաս է մեկ օր առաջ գրանցված հակառեկորդից, երբ Ապենիններում մահացել էր 793 մարդ։

Այնուհանդերձ, խոսել իրավիճակի բարելավման մասին դեռ վաղ է։

Մինչ օրս կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 5 476-ի։Ամենօրյա մամուլի ասուլիսում Քաղպաշտպանության ղեկավար Անջելո Բորելին պարզաբանել է․ «Այսօրվա թվերն ակնհայտորեն տարբերվում են երեկվա թվերից։ Հուսով ենք, որ այս միտումը կհաստատվի նաև առաջիկա օրերին։ Սակայն պետք չէ զգոնությունը կորցնել»։

Իսկ վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ փակվում են այն ձեռնարկությունները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն արտադրում։ «Արտակարգ սանիտարական իրավիճակը վերաճում է տնտեսականի, սակայն մենք դա կհաղթահարենք»,- ասել է նա շաբաթ օրը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։

Երկրի ամբողջ տարածքում կաշխատեն միայն մթերային խանութները և դեղատները։

Խիստ կարանտինը և տեղաշարժի սահմանափակումները Իտալիայում գործում են մարտի 10-ից։

Փոխանցում է euronews-ը։