24.03.2020 14:28

Դեղամիջոց՝ Նյու Յորքի համար

Դեղամիջոց՝ Նյու Յորքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երկժամյա ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում ակնարկել է, թե կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով սահմանափակող միջոցառումները կարող են մեղմացվել շատ ավելի վաղ, քան շատերը ենթադրում են։

«Եկեք աշխատենք։ Մեր երկիրը նրա համար չի ստեղծվել, որ փակ լինի։ Ամերիկան կրկին և շատ շուտով բաց կլինի բիզնեսի համար, շատ ավելի շուտ, քան երեք-չորս ամիս անց»,- ասել է Թրամփը։

Չնայած ամերիկյան նախագահի լավատեսությանը՝ Սպիտակ տան թիմը տագնապում է Նյու Յորքում վիրուսի տարածման կապակցությամբ։ Ինչպես հաղորդել է New York Times-ը, իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ փակում են դպրոցները, որոշ ձեռնարկություններ, բնակիչներին կոչ են անում մնալ տանը։ Բայց կա ևս մի լուրջ խոչընդոտ՝ Նյու Յորքում բնակչության խտությունը։

Նյու Յորքում ավելի շատ մարդ կա, քան ԱՄՆ ցանկացած այլ մեծ քաղաքում (մեկ քառակուսի մղոնի վրա՝ 28 հազար մարդ), և սահմանափակ տարածքում այդքան մարդկանց կուտակումը նպաստել է վիրուսի արագ տարածմանը քաղաքում։

«Խտությունն իսկապես այս պարագայում թշնամի է», - ասում է Սթենֆորդի համալսարանից համաճարակաբան  Սթիվեն Գուդմանը։

Երեկվա ճեպազրույցում Թրամփը նաև հայտարարել է, թե երեքշաբթի Նյու Յորքում կսկսվեն կորոնավիրուսի դեմդեղամիջոցի կլինիկական փորձարկումները, դեղամիջոց, որը լավ արդյունքներ է ցույց տվել մալարիայի դեմ պայքարում։

Փոխանցում է BBC-ն։