24.03.2020 17:44

Քաղաքականությունը փորձության ժամին

Քաղաքականությունը փորձության ժամին

Հայաստանն ուշագրավ օրեր է ապրում:

Վերջին դիմակներն են պատռվում: Ո՛չ բժշկական: Թեեւ ոմանց պարագայում դիմակներն այնքան թափանցիկ էին, որ հանրությունը վաղուց էր տեսել եւ գիտեր, թե դրանց տակ ինչ կա իրականում: Բայց դե՝ դա ոմանց չէր խանգարել դիմակ հագնել եւ փարիսեցիության, երեսպաշտության քողի տակ հանդես գալ` հույսը դնելով հանրային ամնեզիայի վրա: Ու դե, բնականաբար՝ արտակարգ իրավիճակների վրա:

Հայաստանում (ինչպես եւ աշխարհում) բարդ օրեր են, որտեղ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ իր անելիքը երկու բան պետք է լինի. կա՛մ օգնել, կա՛մ եթե չես կարողանում/չես ցանկանում դա անել, գոնե չվնասել։ Առժամանակ դադար տալ քաղաքական նկատառումներով «բզբզելը», մինչեւ կգան ավելի լավ ժամանակներ: Որովհետեւ այս բարդ շրջանում գերակայողը պետության` որպես ամբողջականություն, շահն է, ոչ թե առանձին անձի կամ խմբի: Որովհետեւ բանական մարդը հասկանում եւ ցանկանում է, որ իշխանությունը (ո՛վ էլ որ լինի իշխանության ղեկին) բարդ իրավիճակը հաղթահարի, հաջողի, չտապալի, քանի որ նրա տապալումը նշանակելու է երկրի տապալում:

Բայց դե՝ հայտնի խոսք կա. գելի գլխին ավետարան են կարդում, ասում է` շուտ արա, ոչխարը սարովն անցավ:

Սերժ Սարգսյանն, օրինակ, հայտարարություն է տարածում, ըստ որի՝ պետք է ազգովի համախմբվել, որ հաղթահարվի այս վիճակը; Լավ բան է ասում, ու լավ է, որ ասում է: Միայն թե հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու իր կոչին չեն հետեւում իր իսկ ղեկավարած կուսակցության «կարկառունները», կամ, առաջին հերթին սեփական փեսան` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որ Սարգսյանի կոչից ժամեր առաջ հեռվից հեռու հերթական գրառումն էր արել, որն իր բովանդակությամբ ոչ մի կերպ չի տեղավորվում Սարգսյանի կոչի շրջանակներում:

Բարդ վիճակ է. պետությունը քաղաքացիներին կոչ է անում տանը մնալ, հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Բայց նրանցից շատերն աշխատող մարդիկ են ու, տանը մնալով, հարցնում են, թե բա ի՞նչ է լինելու իրենց աշխատանքի ու աշխատավարձի հետ: Եվ հենց այդ նեղ պահին հայտնվում է ԲՀԿ ղեկավարն ու մուննաթ գալիս՝ «ես ինչի՞ պիտի վճարեմ» աշխատակիցներին, եթե նրանք աշխատանքի չեն գալիս, ով արտակարգ դրություն հայտարարել է, թող նա էլ նրանց մասին մտածի:

Լավ պահ է, իհարկե, օգտվել եւ քաղաքական շահարկումներ անել, անկատար օրենսդրական բազան հաշվի առնելով՝ մարդկանց ուղարկել կառավարության դռները: Ի՞նչ է եղել, որ, ամեն ինչ մի կողմ, փոխարենը բողոքավորների մեծ բանակ կառաջանա: Ու չի մոռանում հիշեցնել, որ ինքը դեռ շաբաթներ առաջ ասել է, թե ինչ է պետք անել, բայց դե՝ ասողին լսող էր պետք, ա՛յ չեն լսել իրեն, թող հիմա ինչպես ուզում են՝ հարցի տակից դուրս գան: Դեռ մի կողմ թողնենք, որ անիրատեսական բաներ էր ասում: Ենթադրենք, ասածները հիմնավոր էին, բոլո՛րը: Ենթադրենք՝ իր «խելացի» խորհուրդները չեն լսել, իսկապես սխալվել են: Հետո՞: Նշանակում է՝ պետք է հիմա մուննաթ գալ  ու հոխորտա՞լ՝ «բա որ ասում էի...»:

Դե, էն մյուս խմբի մասին շատ է խոսվել. քոչարյանական պրոպագանդայի «մահապարտ» ակտիվիստները, որ ամենաառաջին շարքերում են եւ հատել են ոչ միայն քաղաքականության, այլեւ` բարոյականության բոլոր սահմանները եւ կոչ են անում չօգնել իշխանությանը, որովհետեւ վերջինս ապերախտ է: Չենք խոսում նաեւ նրանց միացած մի քանի բժշկի մասին, որ կարծես մոռացել են, թե ժամանակին ինչ հիպոկրատյան երդում են տվել, մոռացել են ամենակարեւորը՝ ակԾիվիստ լինելուց առաջ իրենք բժիշկ են: Կամ՝ գոնե բժշկական կրթություն են ստացել:

Բայց լավ բաներ էլ կան: Նախկին իշխանության հետ փոխկապակցված անձանցից բոլորը չէ, որ մոռանում, որ իրենք նախեւառաջ բժիշկ են: Օրինակ` Արա Բաբլոյանը. այս թեմայի մասին նա խոսում է ո՛չ որպես ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, այդ թիմի անդամ, այդ թիմի կողմից առաջադրված ու ընտրված ԱԺ նախագահ:

Ուրեմն, ամեն դեպքում «էս կողմերում» ամեն ինչ կորած չէ:

Արսեն Օհանյան