24.03.2020 19:40

Տեղաշարժի սահմանափակումների խստացում, միայն անձնագրերով

Տեղաշարժի սահմանափակումների խստացում, միայն անձնագրերով

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա:

Այդ մասին քիչ առաջ քաղաքացիներին հղված ուղերձի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նրանց մեծ մասը գտնվում է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: 

Փաշինյանը նշել է, որ վարակված անձանցից 30-ը թոքաբորք է տանում, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ  թերապիայի բաժանմունքում. 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մեկ այլ պացիենտի`  77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է:

Փաշինյանը նշել է, որ այս պահին կան արձանագրված դեպքեր Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է. տարածման երեք զարգացող ճյուղ կար` Իրանից ժամանած քաղաքացիները, Էջմիածնի  դեպքը եւ  Երեւանի արտադրամասի ճյուղը: Փաշինյանը նշել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը,  եւ պայքարում էին Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու ուղղությամբ:

Վարակի հետագա դեպքերը կանխելու համար Փաշինյանի խոսքով այսուհետ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն, մասնավորապես, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է,  թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը:

Սահմանափակվելու է նաեւ մարդկանց տեղաշարժը, թույլատրվելու է միայն մարդկանց կենսական անհրաժեշտ տեղաշարժը, տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ,  պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: 

Իր ուղերձը Փաշինյանն ավարտել է լավ լուրով. Այսօր առողջացումով դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ: