25.03.2020 18:14

Կոմունալները չվճարելու հիմքով պայմանավորված անջատումներ չեն լինի. Արմենպրես

Կոմունալները չվճարելու հիմքով պայմանավորված անջատումներ չեն լինի. Արմենպրես

ՀՀ կառավարությունը հասցեական մոտեցում ցույց կտա արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում իրենց կոմունալ վճարումներն իրականացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների վերաբերյալ հարցին:

«Մոտեցումը պետք է լինի հասցեական: Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, աջակցություն ենք ցուցաբերելու հանրային միջոցներով: Պետք է նաև այս ճգնաժամից հետո հանրությանը հաշվետվություն տանք, թե ինչպես այդ միջոցներն օգտագործեցինք: Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին, այստեղ ևս պետք է թիրախային մոտեցում ցույց տանք»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի պարետը կոմունալ վճարների հարցով այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վարձերը չվճարելու հիմքով պայմանավորված անջատումներ չեն լինի արտակարգ դրության ռեժիմի ընթացքում: Միաժամանակ Փաշինյանը կոչ է արել նրանց, ովքեր ունեն այդ հնարավորությունը` կատարել վճարումները: