26.03.2020 10:23

Լիզա Ճաղարյան. «Արտակարգ»-ի 10-րդ օրն էլ գլորեցինք

Լիզա Ճաղարյան. «Արտակարգ»-ի 10-րդ օրն էլ գլորեցինք

Մեր տան լուսամուտից երեւացող էս աշխարհը շատ նեղ է։ Դեպի մեր շենք բարձրացող փողոցին պողոտա չես ասի, եթե նույնիսկ մեջտեղից ճղվես։ Նրբանցք ենք ասում, ու մեր տան լուսամուտից երեւացող աշխարհն էլ է նրբանցքային։ Նրբանցք էլ ասում ենք ոչ թե որ էնքան նուրբ է՝ ոտքդ չես ուզում դնել ասֆալտին, որ չհալվի-չմաշվի, այլ որ էնքան նեղլիկ է՝ հենց երկու ավտոմեքենա դեմ դիմաց են հայտնվում, մեկնումեկն անպայման պետք է հետ-հետ գնա, որեւէ շենքի բակում «ոտատեղ» գտնի ու սպասի՝ մինչեւ մյուսը տեսադաշտից անհետանա։

Մի հատ էլ պատմական փոս կա էս նեղլիկ փողոցում, որն ամեն ընտրարշավի շրջանում հերթական ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուն ասֆալտապատում էր՝ էսպես ասած, եւ եթե բախտը բերում էր, ու մինչեւ ընտրության օրն անձրեւ չէր գալիս, ուրեմն՝ էս ասֆալտ կոչեցյալն ատամները սեղմած դիմանում էր։ Հենց անձրեւ էր գալիս, քշում տանում էր էս ատամները սեղմածին, ու մեր հարազատ փոսը նորից վերադառնում էր կարոտից ցամաքած բնակիչներիս գիրկը, բայց երկու դեպքում էլ Հայաստանի քաղաքական դաշտում բան չէր փոխվում։ Անձրեւից հետո փոսն ընկնելուց հետո հայհոյողները բազմապատկվում էին, բայց մեկ է՝ ՀՀԿ-ականն «ընտրվում էր»։

Հեղափոխությունից հետո էլ ասֆալտեցին մեր թանկագին փոսը։ Էս մի ասֆալտը ձյանն էլ է դիմանում, անձրեւին էլ, բայց հիմա էլ պարզվեց՝ ինչ-որ բան էն գլխից սխալ է կառուցվել, ասֆալտն անսասան է, բայց մեկ է՝ էստեղ փեշերդ պետք է բարձրացնես՝ նոր անցնես, լճակը կա ու կա։ Բայց դե դրա մասին թող երկար փեշավորները մտածեն, մեկ էլ՝ «արտակարգը» խախտողները։

Ես մինչեւ «արտակարգն» էլ էի «արտակարգ» ապրում։ Աշխարհին լուսամուտից էի նայում։

Բայց ահագին բան է փոխվել մեր «նրբանցքում»։

Երեխաների անուշ ծվծվոցը չի լսվում։ Մեր լուսամուտի դիմացի փոքրիկ այգում խորոված անող չկա։ Ընկուզենին դեռ չի բողբոջել, բալենիներն էլ են խստաշունչ մերկ։ Արեւն էլ դեռ ամպերի թիկունքում թաքնված է ու զիզի քարին «վեր եկ» չի անում։ Գիտի, որ շատ ենք կարոտել իրեն, կոտրատվում է պչրուհին։

Կկվաբնի վրայով թռա, թարգմանիչ Բոյաջյան Զավենին մտքումս լիքը քաղցր-քաղցր բաներ ասացի՝ էս էլ որերորդ անգամ, հետո նորից նայեցի «Թռիչք կկվաբնի վրայով» ֆիլմը, ու որքան էլ սիրել եմ ժամանակին ու հիմա էլ սիրում եմ էս ֆիլմը, միեւնույն է՝ շատ լավ հասկանում եմ Քեն Քիզիին. իր կիսահնդկացի Բրոմդենը՝ իր «ասացողը», ֆիլմում ներկա է ու ներկա չի։ Ջեք Նիքըլսընի Մաքմըրֆին էնքան սիրելի է, որ մնացածներն ընդամենը կան, որ ավելի թեժացնեն Նիքըլսըն-Մաքմըրֆիի նկատմամբ սերը։ Կարճ որ ասեմ. ինձ համար երկու «թռիչք» կա կկվաբնի վրայով. մեկը Քեն Քիզիի թռիչքն է, մյուսը՝ Միլոշ Ֆորմանինն է։ Էսպես էլ թող ապրեն իրարից առանձին։ Ես իրենց էդպես առանձին-առանձին էլ կշարունակեմ սիրել։

Իսկ ա՛յ իրենց «ընդդիմություն» հռչակած քաղաքական, այսպես կոչված, ուժերը մեր տան լուսամուտից չեն երեւում, բայց օրվա մեծ մասը մեր տանն են. դռնից դուրս եմ անում՝ լուսամուտից են մտնում, լուսամուտից դուրս եմ շպրտում՝ դռնով են ներս խցկվում։

Որքան շատ է թափ հավաքում բոլորիս հայտնի վիրուսը, սրանք այնքան ավելի ոգեւորված են թեւքերը քշտում։ Սրանց կարճ խելքով՝ ինքնահաստատվելու ասպարեզ է բացվել իրենց առաջ։ Առանձնապես նեղություն չեն էլ քաշում թաքցնելու իրենց խանդավառությունը։ Պահանջատեր են՝ տեսեք-տեսեք։ Իբր՝ հասարակության համար են էրվում-փոթոթվում։ Եվ հույս ունեն, որ հասարակության ծնկները երախտագիտությունից ծալվում են իրենց էժանագին ճամարտակությունները լսելիս, եւ հասարակությունը չի գիտակցում, որ իր մասին մտածողն այս արտակարգ իրավիճակում պետք է ոչ թե էժանագին խաղեր տա՝ նախկինների թափահարվող ականջների ֆոնին, այլ միմիայն պետք է մտածի՝ ինչպես եւ ինչով օգնել մեր սիրած կամ հեչ չսիրած իշխանությանը՝ հնարավորինս մեղմացնելու համար այն ցավը, որ չոքել է ողջ հողագնդի շեմին՝ չշրջանցելով նաեւ մեզ։

«Օրեր են, կմթնեն անց կկենան», աշխարհն էլ կհաղթահարի էս պատուհասը, Հայաստանն էլ կհաղթահարի, բայց էս չարչիների կոկորդին է մնալու «սեւ փողերի տոկոսի» վայելքը։

«Արտակարգի» 11-րդ օրը բացվեց։

Մաղթենք միասին՝ բարին հետը։