Կորոնավիրուսը գրիպ չէ

Չինաստանի Հուբեյ նահանգում իրավիճակը աստիճանաբար կարգավորվում է։ Այստեղ դեռ գործում են մի շարք սահմանափակումներ, սակայն դրանք կամաց-կամաց չեղարկվում են, քանի որ վարակման նոր դեպքերը կտրուկ նվազել են, և դրանք բոլորը կապված են այն մարդկանց հետ, ովքեր Չինաստան են եկել ուրիշ երկրներից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով՝ դա հույս է ներշնչում ամբողջ աշխարհին, սակայն, այնուամենայնիվ, վտանգին պետք է, առաջվա պես, շատ լուրջ վերաբերվել, ինչի մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայք Ռայանը։
«Տեսեք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում առողջապահության որոշ համակարգերում։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքները լեփ-լեցուն են, բժիշկներն ու բուժքույրերը ուժասպառ են։ Դա նորմալ չի։ Սա սոսկ ծանր գրիպի սեզոն չի»,- ասել է նա։
Մինչդեռ բոլոր երկրներում չէ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվում վիրուսի տարածումը կանխելու համար։ Մասնավորապես, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս հայտարարել է, որ ավելորդ է համարում զանգվածային միջոցառումներն արգելելը, և որ «հիստերիա» է հրահրվում, ինչը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա։
«Ես արդեն մահափորձի եմ դիմացել, և դրանից հետո ինձ համար ինչ-որ գրիպ սարսափելի չէ։ Եթե բժիշկներն ինձ առաջարկեն էլի մի անգամ թեստ անցնել, ես դա կանեմ, իսկ մինչ այդ այնպես կվարվեմ, ինչպես այստեղ հավաքված մյուս մարդիկ»,- հայտարարել է Բոլսոնարուն։
Մինչդեռ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում Բոլսոնարուին ուղեկցող մի քանի պաշտոնյաների մոտ։
Բրազիլիայում հիվանդների ընդհանուր թիվը մոտ է հազարի, կորոնավիրուսից մահացել է առնվազն 11 մարդ։
Փոխանցում է euronews-ը։