29.03.2020 12:00

Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր աշխատակիցներն ու հավաքականի մարզիչ Տաբարեսը հեռացվել են

Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր աշխատակիցներն ու հավաքականի մարզիչ Տաբարեսը հեռացվել են

Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիան հեռացրել է բոլոր աշխատակիցներին (400-ից ավելի) եւ խզել է պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի հետ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են։

«Պանդեմիայի եւ ճգնաժամի պայմաններում մեր գործունեությունն ամբողջովին դադարեցված է, ինչի հետեւանքով ստիպված ենք դիմել այս ծայրահեղ քայլին։ Այս ամենն ուղղված է մեր կազմակերպության հետագա գոյությունը պահպանելուն»,- նշվում է Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիայի հաղորդագրությունում։

73-ամյա Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը գլխավորում էր 2006 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2011թ․ Ամերիկայի գավաթակիր։ 2010-ին եւ 2011-ին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ։