30.03.2020 11:00

Ռիո Ֆերդինանդ․ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը պետք է համարել չկայացած

Ռիո Ֆերդինանդ․ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը պետք է համարել չկայացած

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը պետք է համարել չկայացած, եթե մինչեւ հիմա չկա որոշում շարունակելու կամ ավարտելու մասին։

«Ֆուտբոլն ընդամենը խաղ է, ինչքան էլ լուրջ վերաբերվենք դրան։ Շատ ավելի կարեւոր է, թե ինչ է տեղի ունենում հասարակությունում։ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերաբերյալ ես ունեմ հստակ դիրքորոշում․ եթե ղեկավարությունը չունի անհապաղ որոշում, ապա այս մրցաշրջանի արդյունքները պետք է չեղարկել, առաջնությունը համարել չկայացած։ 

«Լիվերպուլի» երկրպագուները կասեն, թե ես չեմ ցանկանում, որ նրանց սիրելի թիմը հռչակվի չեմպիոն, բայց եթե իմ թիմն էլ լիներ այս իրավիճակում, առաջին հերթին կմտածեի մարդկանց առողջության մասին։ Կարծում եմ՝ ղեկավարներն ավելի լավ են հասկանում այս մրցաշրջանի արդյունքները չեղարկելու անհրաժեշտությունը։ Միշտ էլ կլինեն ամեն որոշումից դժգոհներ»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում։

Հիշեցնենք, որ 29 տուրից հետո «Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո ունի 57 միավոր։

Մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսին։