30.03.2020 13:32

Թրամփ․ ԱՄՆ-ը մտադիր չէ հոգալ արքայազն Հարիի և նրա տիկնոջ անվտանգության ապահովման ծախսերը

Թրամփ․ ԱՄՆ-ը մտադիր չէ հոգալ արքայազն Հարիի և նրա տիկնոջ անվտանգության ապահովման ծախսերը

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտադիր չէ վճարել՝  Կանադայից Կալիֆոռնիա տեղափոխված արքայազն Հարիի և նրա տիկնոջ՝ Մեգանի անվտանգությունն ապահովելու համար։

Twitter-ում Թրամփը գրել է, որ ինքը Եղիսաբեթ թագուհու մեծ բարեկամն ու երկրպագուն է, բայց «պետք է իրենք վճարեն»։

Սասեքսի դքսի ու դքսուհու ներկայացուցչի խոսքով՝ ամուսնական զույգը ԱՄՆ-ին չի խնդրի վճարել իրենց պահպանության համար։ «Նրանք կօգտվեն մասնավոր թիկնապահական ծառայությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունվարին արքայազն Հարին և Մեգանը անակնկալ հայտարարեցին, որ ուզում են հրաժարվել արքայական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչը ցնցող ազդեցություն գործեց նույնիսկ նրանց ամենամտերիմ հարազատների վրա։ Թագուհու հետ իրավիճակը քննարկելուց հետո որոշվեց, որ ապրիլից Հարին ու Մեգանն այլևս չեն օգտագործի արքայական տիտղոսները և պետական միջոցներ չեն ստանա։

Ամուսիններն սկզբում մեկնեցին Կանադա, բայց վերջին տվյալներով՝ տեղափոխվել են Կալիֆոռնիա, որտեղ նախկինում ապրել է Մեգանը։

Փոխանցում է BBC-ն։