30.03.2020 14:37

Վարակվածների թիվն աշխարհում անցել է 720 հազարից

Վարակվածների թիվն աշխարհում անցել է 720 հազարից

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 720 հազարից, մահացել է ավելի քան 33 հազար մարդ։

Ամենածանր վիճակում են Եվրոպայի հարավը և ԱՄՆ-ը։

Ուրբաթ օրը ԱՄՆ-ը վարակվածների թվով անցավ Չինաստանից․ այժմ այնտեղ հաշվվում է 137 հազարից ավելի վարակակիր, ավելի քան երկու հազար մահ է արձանագրվել։

Թրամփը հայտարարել է, թե մահացության պիկը, կանխատեսումների համաձայն, կարող է վրա հասնել երկու շաբաթից։ Ամերիկյան կառավարության խորհրդական, Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ Covid-19-ից ԱՄՆ-ում մահացության թիվը կարող է հասնել 100 հազարից մինչև 200 հազարի։ CNN-ի եթերում նա ասել է, որ ներկա պայմաններում կանխատեսումներ անելը բավական բարդ է, և հավելել է՝ «կվարակվեն միլիոնավոր մարդիկ»։

Համաճարակի բռնկման բարձրագույն կետին մոտենալու մասին են խոսում Իտալիայում և Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսից ամենաշատ մահերն են արձանագրվել։ Իտալիայի իշխանությունները նոր վարակվածների թվի կտրուկ նվազում են ակնկալում առաջիկա 10 օրերի ընթացքում։ Իտալիայում կարանտինը գործում է արդեն մեկ ամիս, ապրիլի 3-ից հետո սահմանափակող միջոցառումների ժամկետը կերկարացվի։

Բրիտանիայում, որտեղ վիրուսից հազարից ավելի մարդ է մահացել, ասում են, թե կյանքը նորմալ հուն կվերադառնա կես տարի անց։ Դա չի նշանակում, որ երկիրը լիակատար կարանտինի մեջ կլինի բոլոր այդ վեց ամիսների ընթացքում, բայց սահմանափակումներն այս կամ այն չափով կպահպանվեն։

Փոխանցում է BBC-ն։