30.03.2020 15:06

Զելենսկին «լավատեսական» է համարում ուկրաինացիների 5 %-ի վարակման սցենարը

Զելենսկին «լավատեսական» է համարում ուկրաինացիների 5 %-ի վարակման սցենարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի համար ամենաքիչ աղետալի սցենարը կլինի բնակչության 5 %-ի վարակումը կորոնավիրուսով։

Վատթարագույն տարբերակը կլինի ուկրաինացիների 25-50 %-ի հիվանդանալը, որից երկիրը գլուխ չի հանի,կիրակի օրը իր տեսաուղերձում հայտարարել է նախագահը։

«Կորոնավիրուսն, անշուշտ, կանցնի, և առջևում մենք շատ աշխատանք կունենանք՝ կառուցելու համար հաջողակ և բարգավաճ երկիր՝ 40, այլ ոչ թե 20 միլիոն բնակչությամբ։ Ես ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց այս ամենը կատակ չէ»,- ասել է Զելենսկին։

Նա դեպքերի զարգացման մի քանի սցենար է ներկայացրել, որոնցից առաջինի դեպքում «կորոնավիրուսով  միաժամանակ կվարակվի բնակչության 3-5 %-ը, դա չափազանց ցավոտ ցուցանիշ է, բայց դա աղետ չէ»։ «Երկրորդ սցենարով՝ 25 %, երրորդով՝ 50 % միաժամանակ վարակվածներ, որոնց Ուկրաինայի առողջապահական համակարգը պարզապես չի դիմանա։ Մեր բժիշկները չեն կարող դիմակայել նման հոսքի»,- նախազգուշացրել է երկրի ղեկավարը և ուկրաինացիներին կոչ է արել լինել կարգապահ, պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։

Փոխանցում է tass.ru-ն։