30.03.2020 21:01

Լիզա Ճաղարյան. «Արտակարգ» օրերից մի օր՝ իրիկվա կողմերը

Լիզա Ճաղարյան. «Արտակարգ» օրերից մի օր՝ իրիկվա կողմերը
Լուսանկարը` Գերման Ավագյանի

«Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ, եւ բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ»։

Չէ, էդպես չի։ Խոտից էլ եմ հիմա շատ հեռու, բուրմունքն էլ չեմ զգում, թախիծս էլ քաղցր չի, շատ դառն է։ Հրանտով («Գոմեշը») սկսեցի, որ անճարությունս թաքցնեմ։ Որովհետեւ չգիտեմ՝ որտեղից սկսեմ ու ոնց սկսեմ։

Դառնությունդ գրկիր ու նստիր «արտակարգ» պատերիդ ներսում, առանց քեզ էլ՝ դառնության պակաս չկա աշխարհում, դառնալեղիության մասին էլ՝ չասեմ

Կորոնավիրուսակիր մեր երեք հայրենակիցները մահացան։ Րոպեներ անց Ֆեյսբուքում մեկը «ավետեց», որ ընդամենը մի երկու միլիոն ենք՝ մի բուռ ազգ ենք, ու էսպես հերթով կոտորվելու ենք ու վերանանք։ Այդ կողմերում հավաքվածներից ոչ մեկը դիմադրության նույնիսկ թույլ փորձ չարեց։ Բայց որքան հասկացա՝ բոլորի կոտորվելը պարզորոշ տեսնողներն էդ կոտորվողների շարքերում իրենց չէին տեսնում։ Դե էլի՛ մխիթարություն է՝ գոնե էս մի բուռը կմնա։

Կոտորվելս հնարավորին չափ հետաձգելու համար նորից մոտեցա բաց լուսամուտին, որ լիաթոք շնչեմ ու արտաշնչեմ։ Կենդանի շունչ չկար, նույնիսկ թափառող շուն չկար մեր շնառատ թաղերում։

Ուրախացա. դժվարությամբ, բայց կամաց-կամաց օրինապահ ենք դառնում։

Երիտասարդ մի զույգ սասանեց մեր օրինապահության մասին նոփ-նոր սաղմնավորվող հավատս, բայց դե՝ հետներն էլ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» կար. ամուսնու գրկին նրանց փոքրիկն էր ննջում։ Ժպտացի ինձուինձ՝ ոչինչ, դուրս են եկել «պտույտ մը» կատարելու մեր անմարդաբնակ թաղերում՝ հանուն փոքրիկի մաքուր օդ շնչելու սահմանադրական իրավունքի։

Ժպիտս դառը ծամածռություն դարձավ հենց էն պահին, որ հեռախոսն ընկավ երիտասարդ մայրիկի ձեռքից, ու էս սիրունիկ մայրիկը կռացավ վերցրեց, ձեռքով մի լավ «պլպլացրեց» փոշոտված հեռախոսը ու հենց էդ նույն ձեռքով շոյեց ամուսնու գրկին ննջող փոքրիկին։ «Հա էլի՛,- մտածեցի էդ նույն պահին,- էսպես որ գնա, բա ուրիշ ի՞նչ է մնում մեզ՝ կոտորվելուց բացի»։

Դե չէ։ Ես էդպես հեշտ հուսահատվողներից չեմ, ոչ էլ մեկ մասնավոր դեպքը «ազգ չենք, էլի» ասելով ընդհանրացնողների «պիղծ ցեղից» եմ։

Բայց դե՝ է՛ս ենք նաեւ։ Տարբեր ենք իրարից։ Ամեն տեսակից էլ ունենք։ Ումի՞ց ենք պակաս, որ չունենանք։ Մեկով հպարտանում ենք, մյուսին նայում՝ ամոթից գետինն ենք մտնում, որ դրանց հետ նույն «ազնիվ  ցեղից» ենք։

Էդպես եկել է, էդպես էլ գնալու է։

Ու հենց դրա համար է «օրենք» ասվածը, որ հասկացողի առջեւ կանաչ լույս վառի, չհասկացողին էլ օրենքի ուժով ստիպի հասկանալ, որ իր բութ ինքնագոհությունը վնասակար է շրջակա միջավայրի համար։ 

Էն խաղաղ ննջող փոքրիկի համար։