31.03.2020 17:01

Սոցիալական ցանցերը հեռացրել են Բրազիլիայի նախագահի հայտարարությունները

Սոցիալական ցանցերը հեռացրել են Բրազիլիայի նախագահի հայտարարությունները

Facebook և Instagram սոցցանցերը, հետևելով Twitter-ի օրինակին, հեռացրել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսահոլովակները՝ պարզաբանելով, որ դրանք ապատեղեկատվություններ են։

Ինչպես նշել է TechCrunch-ը, այդպիսով Facebook-ը նահանջել է քաղաքական գործիչների հայտարարությունները չգնահատելու վերաբերյալ սեփական կանոններից։

Ինտերնետ ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրառումները հեռացվել են սոցցանցերից օգտվելու պայմանները խախտելու համար, որոնք արգելում են այնպիսի ապատեղեկատվություն տարածել, որը կարող է ֆիզիկական վնաս պատճառել մարդկանց։

Տեսաերիզում Բոլսոնարուն ասում է, թե հիդրոքսիքլորոխին նոր դեղամիջոցը «հրաշալի աշխատում է», ինչպես նաև քննադատում է ԱՀԿ-ի ինքնամեկուսացման պահանջները և պնդում, թե մարդիկ ուզում են աշխատել։ Բրազիլիայի նախագահը հանդես է գալիս «կյանքը նորմալացնելու»՝ դպրոցների ու խանութների գործունեությունը վերականգնելու օգտին, նա կարծում է, որ ինքնամեկուսացումը պետք է սահմանել միայն ռիսկային խմբում գտնվող՝ 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար։

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը համաձայն չէ դրան, նրա կարծիքով՝ ինքնամեկուսացումն անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար։

Փոխանցում է Interfax-ը։