02.04.2020 19:48

Լիզա Ճաղարյան. Արտակարգ կյանք է, ապրում ենք

Լիզա Ճաղարյան. Արտակարգ կյանք է, ապրում ենք
Լուսանկարը` Գերման Ավագյանի

Քրիստինեն ասում է՝ մի հուսադրող բան կգրե՞ս։

Ինչի՞ չեմ գրի որ, ա՛յ ցավդ տանեմ, ուզածդ հուսադրող բան լինի։

Մեր շենքը բազմահարկ չի՝ հինգհարկանի է։ Իսկ սա նշանակում է՝ մենք հոտավետ աղբատար խողովակ չունենք, ուրեմն եւ՝ առնետ ու մուկ էլ չունենք։ Նաեւ նշանակում է՝ սովետի տարիներ, ազգային ազատագրական պայքար ու ռոբասերժական ռեժիմ տեսած, մեզանից մինչեւ կոկորդը զզված ու անկանխատեսելի հետեւանքներով հղի վերելակ չունենք։

Մեր մուտքի բնակիչները մինչ կորոնավիրուսն էլ էին խաղաղ ու անշառ, հիմա էլ են նույնը։ Չնայած... չէ՛. հիմա չգիտեմ՝ ոնց են ու ոնցն են, որովհետեւ մինչ կորոնավիրուսը մեկ-մեկ աստիճանների վրա հանդիպում, բարեւ-բարլուս էինք անում ու անցնում-գնում մեր գործերով, հիմա ոչ հանդիպում ենք, ոչ բարեւում ենք, ոչ էլ անցնում-գնում ենք, որովհետեւ մեզ սպասող գործ չկա շենքի պատերից դենը։

Մեր շենքի դիմացի ծառերից հինգ-վեցը ծաղկել են, մնացած հինգ-վեցը, իմ սիրած ընկուզենին էլ հետները, դեռ լուռումունջ սպասում են, թե երբ է էն Սուրենյան Գագիկը պնդերես ցիկլոնի հարցերը լուծելու, Սուրենյանն էլ... Մարդ իմանա՝ ինչի է էդպես երես տալիս էդ ցիկլոններին։ Էս կորոնավիրուսի հախից գանք, հենց առաջինը Սուրենյանի էս ցիլկոնահովանավորչական մութ գործերը ջրի երես կհանենք։ Բա հո չենք թողնելու՝ հեշտուհանգիստ մարսի էս ցիկլոնադավադրությունը։ Նախապես ասեմ, որ չի կարող մեզ խաբել «պառավի ուլերի» մասին հետադիմական նաղլներով։

Մեր տանը թագավորում է բարի դրացիական հարաբերությունը։ Ամենքս մեր գիրքը գրկած դեգերում ենք սենյակից պատշգամբ, պատշգամբից սենյակ, պահպանում ենք ենթեւեկության կանոնները, կանգառներում նստում կամ պառկում ենք. եթե պատահաբար դեմ դիմաց ենք հայտնվում, իրար հարու տալ չկա. ով շուտ է կողմնորոշվում, նա էլ մի կողմ է քաշվում, որ մյուսն անցնի ու բարով-խերով հասնի հաջորդ էջին։

Մի խնդիր կա, որ դժվարությամբ ենք հաղթահարում. ես հա՛ ուզում եմ 60-ականների իտալական ֆիլմեր նայել, մեր տան մյուս բնակիչն ասում է՝ հետո։ Մեկ-մեկ ասում եմ՝ դե հետո՛-հետո, մեկ-մեկ էլ ըմբոստանում եմ, որովհետեւ էդպես էլ չի պարզաբանում, թե ինչի՞, էլի, հետո։ Կարո՞ղ է մեկուկես օրինակ բերել, որ իմ առաջարկած 60-ականների ֆիլմերից գոնե մեկը չի հավանել։ Չէ՛, չի կարող։ Բա էլ՝ հետո՞ն որն է։ Ուզած-չուզած դիտում է հետս. ու՞ր պիտի փախչի էս մեր մի բուռ բնակարանից։

Էնպես չի, որ միայն ես եմ ըմբոստանում։ Եթե մեր տան մյուս բնակիչը կարդում է, մտքովդ չանցնի՝ լուրեր միացնես. այդ հանդիսավոր պահերին հեռուստաալիքներից թույլատրվում է միայն Մեցցոն։ Էլի՛ լավ պրծանք։ Մեկ էլ եթե սխալվում ու մի հարց եմ տալիս, պատասխանն անգիր եմ արել՝ կարդու՛մ եմ։

Պա՛հ, զարմացրեց իր կարդալով։ Հեչ է՛լ։

Ես էլ կնստեմ ու Քրիստինեի համար հուսադրող բան կգրեմ, որովհետեւ իմ տխրությունը ոչ կորոնավիրուսի հետ կապ ունի, ոչ ինքնամեկուսացման, ոչ էլ Ֆեյսբուքում մեկ-մեկ աչքովս ընկնող «ընդդիմադիր» բարբաջանքների։ Սա ի՛մ տխրությունն է, որից, ցավոք, բոլորի հոգիներում կա, որովհետեւ մինչեւ կորոնավիրուսն էլ մահ կար ու եղել է միշտ, ու այդ մահ կոչվածը տանում է նաեւ մեր սիրելիներին, եւ եթե բոլորս սկսենք իրար պատմել, թե որ մեկս ինչ մրմուռ ենք թաքցնում մեր սրտերում, մարդկությունը կվերանա՝ առանց կորոնավիրուսի աջակցության։

Կյանք է, ապրում ենք։

Ու եթե կարող ենք իրար օգնել, որ ժպտանք, թեկուզ՝ ծուռումուռ, թեկուզ՝ թաց աչքերով, ուրեմն՝ օգնենք իրար, որ ժպտալու առիթները շատ լինեն։ Եթե չենք կարող, ուրեմն եկեք նստենք մեր ծակուռներում։ Ձեններս կտրած։

Էս պահին դա էլ է մեծ օգնություն։

...Որովհետեւ յուրաքանչյուրս լաց լինել կարող ենք նաեւ առանց ուրիշների օգնության։

Հատկապես՝ առանց «իրեքմանեթանոց» լաց լինողների էժանագին վայնասունի։

Մի քիչ հետո նորից հետահայաց կինոդիտում եմ կազմակերպելու։

Բեմահարթակին իմ հնագույն բարեկամ Ալբերտո Սորդին է։