03.04.2020 11:34

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցել է մեկ միլիոնից։

Համավարակի էպիկենտրոն է դարձել ԱՄՆ-ը, որտեղ արձանագրվել է վարակվածների ամենամեծ թիվը, սակայն Covid-19-ից ամենաբարձր մահացությունը, նախկինի պես, Եվրոպայում է։

ԱՄՆ-ում արձանագրվել է վարակվածության 243 հազար 400  և մահերի գրեթե 6 հազար դեպք, դրանցից հազարը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։

Երեկ ամերիկյան իշխանությունները սկսել են բնակիչներին կոչեր անել՝ փողոց դուրս գալիս ծածկել դեմքը, ու պարտադիր չէ՝ բժշկական դիմակով։ «Դա կարող է լինել շարֆ կամ բանդանա»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։ Նույնպիսի կոչեր են արել նաև Լոս-Անջելեսի քաղաքապետը և նախագահ Թրամփը։

Սակայն ամերիկյան նախագահի վարչակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքաը համակարգող Դեբորա Բրիքսը նշել է, որ դիմակները չեն կարող փոխարինել սոցիալական հեռավորություն պահպանելուն։ «Մենք չենք ուզում, որ մարդկանց մոտ պաշտպանվածության կեղծ զգացողություն ստեղծվի»,- ասել է նա։

Փոխանցում է BBC-ն։