07.04.2020 14:33

Կադիրովն առարկել է Միշուստինին Չեչնիայի սահմանները փակելու առիթով

Կադիրովն առարկել է Միշուստինին Չեչնիայի սահմանները փակելու առիթով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի քննադատությանը՝ սահմանները փակելու վերաբերյալ։  

Առավոտյան վարչապետը անընդունելի էր անվանել շրջանների վարչական սահմանները փակելու որոշումը, ընդ որում՝ նա Կադիրովի անունը չէր տվել։

Երեկոյան արդեն Կադիրովը պատասխանել էր վարչապետին՝ նշելով, որ տարբեր սուբյեկտներում սահմանափակման տարբեր ձևեր են կիրառվել։

«Կյանքեր փրկելու համար կարելի է նաև երկու շաբաթով մեկուսանալ, կարելի է գնալ ցանկացած կոշտ քայլի։ Մարդիկ գաղութներում տարիներով են ապրում ու չեն մեռնում դրանից»,- նշել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Մոսկվայից Չեչնիա ժամանած չվերթում կորոնավիրուս էր հայտնաբերվել մի ուղևորուհու մոտ, «և հիմա 124 հոգի պետք է տուժեն»։ «Իհարկե, մենք ներս չենք թողնի Չեչնիայում չգրանցված մարդկանց,- իր որոշումն է հաստատել Կադիրովը։- Վարակը բերել են, տասնյակ մարդիկ հիվանդացել են, մի կին մահացել է։ Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման, ոչինչ էլ չենք խնդրում, միայն թե բամբասանքներով մի խանգարեք»։

Չեչնիան ապրիլի 5-ից փակել է ելումուտը իր տարածք։ Գրոզնիում և մյուս բնակավայրերում ապրիլի 3-ից պարետային ժամ է հայտարարված՝ երեկոյան ժամը 8-ից սկսած։

Փոխանցում է BBC-ն։