07.04.2020 17:01

Ռաֆայել Թեյմուրազյան. Կոտրել աճի տեմպը, նշանակում է՝ ճկել վարակակիրների կորը

Ռաֆայել Թեյմուրազյան. Կոտրել աճի տեմպը, նշանակում է՝ ճկել վարակակիրների կորը

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

«Երեկ «Հետքը» մի նյութ է հրապարակել, որում հոդվածագիրը պնդում է, թե նախարար Թորոսյանի՝ նախօրեին հրապարակած գրաֆիկը «ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում»։ Նյութի հետագա շարադրանքը պարզ է դարձնում, որ դրա հեղինակը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը՝ դեպքերի աճը շփոթելով աճի տեմպի հետ։ Դեպքերը, այո, աճում են, բայց աճի տեմպը՝ նվազում։ Հենց սա է նշանակում՝ կոտրել աճը։

Բանաձև, մեթոդաբանություն, գրաֆիկ... տպավորություն է, թե խոսքն ինչ-որ մի բարդ բանի մասին է, և եթե ճիշտ բանաձևն ու մեթոդաբանությունը չիմանաս՝ չես հասկանա։
Առանց ավելորդ տերմինաբանության ու վախեցնող բառերի, նայենք Հայաստանի օրինակը։ Մարտի 1-ին արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը։ Մարտի 11-ին արձանագրվել է ևս 3 դեպք, այսինքն՝ մինչ այդ եղած դեպքերի (մեկ) համեմատ աճը (երեք) կազմել է 300%: Մարտի 12-ին արձանագրվել է ևս երկու դեպք, այսինքն՝ 4-ից դեպքերի թիվը դարձել է 6, այլ կերպ ասած՝ դեպքերն աճել են 50%-ով, այսինքն՝ աճը պակասել է 6 անգամ՝ 300%-ից նվազելով 50%-ի։ Եթե գրաֆիկի վրա պատկերելու լինենք՝ սրընթաց անկում կերևա՝ 300-ից՝ 50:

Երբ 1-ը դառնում է 4, նշանակում է՝ աճել է 300%-ով, երբ 100-ը դառնում է 150, նշանակում է՝ աճել է 50%-ով։ Ահա, այսքան հասարակ է ամեն ինչ։ Նախարարի հրապարակած գրաֆիկը պատկերում է աճի տեմպը, և այո, աճի տեմպը կոտրված է Հայաստանում։

«Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում» է համաճարակի կորը»,- պնդում է «Հետքի» հեղինակը՝ հենց ինքը դառնալով հանրությանը «խաբկանքի ենթարկող», որովհետև ակնհայտորեն չի հասկանում աճի և աճի տեմպի միջև տարբերությունը, դրանց միջև կապը։ Այս մասին է վկայում նաև այն, որ բռնել աճի տեմպը պատկերող գրաֆիկը դրել է օրական աճերը պատկերող ֆոնին, որ «ապացուցի», որ խաբում են։ Արդյունքում սխալ եզրակացության է եկել նաև Իտալիայի մասով (սրան ներքևում կանդրադառնամ)։

Իսկ ինչո՞ւ է կարևոր աճի տեմպը բացարձակ թվերի համեմատ, չէ՞ որ երբ 1-ից 4 է դառնում, նշանակում է՝ դեպքերն աճել են ընդամենը 3-ով, իսկ երբ 100-ը 150 է դառնում՝ ամբողջ 50-ով։ Որովհետև կոտրել աճի տեմպը, նշանակում է ճկել վարակակիրների կորը։ Այդ ճկումն է, որ շեղում է կորը սկզբնական էքսպոնենցիալ ընթացքից ու ի վերջո թեքում ներքև, հարթեցնում։

Հոդվածագիրը փորձում է համոզել, թե մեզ խաբում են՝ ասելով, թե 50-ը փոքր է 3-ից։ 50-ը 3-ից փոքր չէ, իհարկե, բայց առավել կարևոր է, թե ինչ կար մինչև 50-ը և ինչ կար մինչև 3-ը։ Եթե 300%-անոց աճը չկոտրվեր, կնշանակեր, որ 4-ը հաջորդ օրը դառնում է 16, այս 16-ը մյուս օրը դառնում է 64, 64-ը՝ 256, 256-ը՝ 1024 և այդպես շարունակ։ Աճի տեմպի կոտրման արդյունքում է, որ այդպես չի եղել, որովհետև ամեն հաջորդ օր ավելի քիչ տոկոսով է եղել աճը, քան նախորդ օրը (չհաշված որոշ տատանումներ, որոնք բնական են և չեն փոխել դինամիկան)։

«Եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել»,- գրում է «Հետքի» հոդվածագիրը։ Այստեղ իսկական «անակնկալ» կարող ենք հայտնել. Իտալիայում, մարտի 21-ից աճի տեմպը կոտրվում է, այսինքն՝ կորը ճկվել է, Իտալիան մոտեցել է պիկին, և թեև օրական հազարավոր նոր դեպքեր են շարունակում գրանցվել, դրանք արդեն իսկ եղածի ավելի ու ավելի քիչ տոկոսն են կազմում, ինչի արդյունքում շուտով վարակակիրների թիվը կսկսի նվազել, թեև օրական կշարունակվեն հարյուրավոր, հազարավոր դեպքեր գրանցվել (որովհետև ապաքինվածներ + մահեր թիվն ավելի մեծ կլինի արձանագրվող դեպքերի թվից)։

Ի դեպ, այսօր Հայաստանում առաջին անգամ վարակակիրների թիվը նվազել է։ Թեև արձանագրվել է 20 նոր դեպք, ինչն ավելին է, քան երեկվա 11-ը, բայց դուրս է գրվել 25-ը, ինչի արդյունքում 5-ով նվազել է վարակակիրների թիվը։ Եթե առաջիկա օրերին աճի տեմպը հաջողվի պահել այն շրջանակում, ինչ վերջին օրերին, ապա կարելի է ասել, որ վարակակիրների թվով պիկը Հայաստանում երեկ էր, և հարթեցման ենթակա կորն արդեն իջնում է ներքև»։