07.04.2020 18:58

Ընդդիմադիր լինելը կորոնավիրուսի ժամանակ

Ընդդիմադիր լինելը կորոնավիրուսի ժամանակ

«Ընդդիմադիր» գործիչներին եւ նրանց հարակից շրջանակներին այս օրերին լսել չի լինում: Ոչ թե՝ որովհետեւ ընդդիմադիր են, այլ որովհետեւ լսում եւ հասկանում ես, որ մարդիկ ուրախացել են՝ վերջապես առիթ կա դրսեւորվելու, կորոնայի ժամանակները շատ հարմար են ախր:

Ընդ որում, երբ խոսում են երբեւէ իշխանության մեջ չեղած մարդիկ եւ դժգոհում են՝ հասկանալի ու օբյեկտիվ է:  Բայց, գրողը տանի, ամենից շատ խոսում են նրանք, ովքեր իշխանություն են ունեցել, ու եթե ինչ-որ խնդիրներ կան էլ այս կամ այն ոլորտում, դա, ամենից առաջ՝ հենց իրենց իշխանության պատճառով:

Սերժ Սարգսյանի փեսայի հետ առնչություն ունեցող հեռուստաալիքը գրեթե ամենօրյա ռեժիմով գուժում է` արդյո՞ք  մեր առողջապահության համակարգը պատրաստ է, արդյո՞ք մեր առողջապահության համակարգը բավարար չափով հագեցած է:

Ի՞նչ իմանանք, գուցե նույն փեսայի հայրիկի` ԲԿ-ներից մեկի նախկին տնօրենի դեմ ոլորտին հատկացված գումարներից յուրացումների համար հարուցված քրեական գո՞րծն իմանա, թե արդյո՞ք կարող էր համակարգն ավելի ուժեղ ու հագեցած լինել, քան է՛: Եւ թե ինչպե՞ս է ստացվել, որ հիմա ոլորտին հատկացվող գումարներն էլ են շատացել, դրանք ստացող բժշկական կենտրոնների թիվն էլ:

ԲՀԿ-ն էլ կողքից է միացել․ դե, հետ չեն ուզում մնալ, մրցում են: Նաիրա Զոհրաբյանն ու մի քանիսը Երեւանի քաղաքապետին են որոնում, Գեւորգ Պետրոսյանն ասում է` մարդկանց տանն են պահում, որ բունտ չլինի: Հա տանը չպիտի պահեին, ճիշտը` կարանտինն էր, կամ` Բելառուսի պես անելը, ինչպես որ ԲՀԿ ղեկավարն էր խորհուրդ տալիս ճեպազրույցի ժամանակ:  

Բայց էն էլ թարսի պես պարզվեց, Բելառուսում բան էլ չեն անում: Կյանքը շարունակվում է, ինչպես նախկինում, ոչ մի հիմնարկ չի փակվել, բոլորը աշխատում են, ու ըստ պաշտոնական լրահոսի` գոհ են ու երջանիկ: Այսինքն, ըստ ԲՀԿ-ի, պիտի ամեն ինչ ի սկզբանե խիստ արվեր, ու միաժամանակ՝ ոչինչ չարվե՞ր:

Թե՞, ամեն դեպքում՝ արվեր։ Թե՞ ճիշտը ոչինչ չանելն էր։

Բայց, ոնց հասկանում ենք, այս դեպքում իրենց համար կարեւոր չէ` ինչ է արվել, ինչ չի արվել: Կարեւորը՝ պահն է եկել արդեն....

Նախկինները տարիներով բնակչության մեծ մասին հասցրել են աղքատության եզրին, մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, եւ երբ մի քիչ արդեն հույս էր առաջացել, որ կամաց-կամաց կգնանք դեպի զարգացում, մեկ էլ` կորոնա, կարանտին, առժամանակ փակված աշխատավայրեր: Առաջին դասարանցին էլ հասկանում է, որ վիրուսը հարվածել է ամբողջ աշխարհին, եւ որ բոլոր երկրները, այդ թվում` մեր երկիրը, կանգնելու են տնտեսական խնդիրների առաջ:

Ու տրամաբանական է թվում, որ նման պահերին թե՛ իշխանությունը եւ թե՛ մեծահարուստները պետք է ռեալ քայլեր առաջարկեն եւ օգնեն` հնարավորինս նվազ կորուստներով այս արհավիրքից դուրս գալու համար: Օրինակ՝ ինչպես Բիլ Գեյթսը, կամ Մադոննան, կամ Մեսսին են օգնում իրենց կառավարություններին:

Կամ էլ պիտի երրորդ ուղին ընտրես, օգտվես առիթից ու ասես` ժողովուրդ, տեսեք, պետությունը շատ փող չունի, քեզ չի օգնելու, կամ քեզ շատ չի օգնելու։ Չէ, «պետությունը շատ փող չունի» ասել պետք չէ , ուղղակի կարելի է մարդկանց հասկացնել` արի, արի ժողովուրդ, ես փող ունեմ, ես այն միասնական հաշվին չեն փոխանցել, սրանով ուզում եմ ցույց տալ, որ ես առանձին գործոն եմ, ինքս եմ կողքից թեկուզ ոչ մեծ ծավալի․․․ չնայած՝ չէ, ծավալի մասին պետք չի խոսել,- ինքս եմ մարդկանց օգնում, ինչ անում եմ` առանձին եմ անում, դու էլ ընտրիր, ժողովուրդ ջան, բայց իմացիր` ես գիտեմ քո տնտեսական փրկության ձեւը, արի այստեղ....

«Լուսավոր»-ն էլ հետ չի մնում, ուղղակի՝ գոնե տեսանելի գումար չունի, որ փոքրիկ տոպրակներով, բայց մեծ սրտով ու տեսախցիկներով օգնություններ բաժանի, բայց փոխարենը Երեւանի քաղաքապետն էլ հո կա ու կա: Էդ ուղղությամբ կաշխատեն, մինչեւ` տեսնենք:

Դե նախկինում իշխանություն ունեցած ռոբասերժական կուսակցությունների եւ անձանց վարքն էլ տեսնում ենք: Մի մասը շուրթերի մի ծայրով գոռում է` այս դժվար պահին պետք է միասնական լինենք, մյուս ծայրով էլ, թե` բայց ահա դուք....

Էն մյուս մասն էլ երջանկության մեջ է, մտածում են, որ վիրուսը լավ առիթ է քաղաքական հարցեր լուծելու համար:

Այդ պատճառով էլ պակաս երջանկության մեջ չեն իրենց հարակից գործիչները (որոնք իրենց ակտիվիստ են կոչում). բաց չեն թողնում հաղորդակցման ոչ մի հնարավոր միջոց` է՛լ տեքստ, է՛լ ուղիղ եթեր, է՛լ ասուլիս, է՛լ հարցազրույց՝  ինքնադրսեւորվելու եւ մեզ ապացուցելու համար, որ եթե այս օրհասական պահին չապավիենք նախկինների հմուտ փորձին, որովհետեւ պրոֆեսիոնալները նախկիներն էին, կործանվելու ենք:

Այնպես չէ, որ իշխանություններն ինչ անում են, ճիշտ են անում: Սխալներ արել են եւ էլի կլինեն: Բայց մենք ի՞նչ ենք ցանկանում․ որ այս փորձության պահին սխալվե՞ն, թե՞` որ քիչ սխալվեն: Պարզ է, չէ՞, որ ցանկացած բարոյական մարդու համար այս պահին կարեւորը չխանգարելն է:

Ու երբ հիմա հայացք ես նետում քաղաքական դաշտին, երկու հատված է նշմարում. մեկ` ավելի փոքր մասը ցանկանում է, որ իշխանությունները այս օրերին հանկարծ չսխալվեն կամ հնարավորինս քիչ սխալներ անեն, որ պետությունը չտուժի, որովհետեւ պետությունն է կարեւոր, իսկ քաղաքական պայքարը կարելի է շարունակել ճգնաժամը հաղթահարելուց հետո, էն մյուս մասն էլ ասես շնչակտուր սպասում է, թե երբ են մեծ սխալներ արվելու....

Ու ընդհանրապես, տպավորություն է, որ նրանք միայն երջանիկ կլինեին, եթե վարակվածները հազարներով շատանային, մահացածների թիվն էլ ավելանար, երկիրը փորձանքի մեջ ընկներ, որ իրենք էլ նորից իշխանության գալու հնարավորություն ստանային:

Որովհետեւ շահարկումներ անելու այսպիսի առիթ մեկ էլ ե՞րբ կունենան:

 

Արսեն Օհանյան