09.04.2020 13:50

Արամ Աբրահամյան. Ատելության և թշնամանքի մասին

Արամ Աբրահամյան. Ատելության և թշնամանքի մասին

Հայաստանի Առաջին նախագահը հանդես է եկել ուղերձով՝ իրավիճակի հետ կապված: Ինքնին այդ փաստը ողջունելի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սպասում էին նրա խոսքին: Ուղերձի հիմնական կոչերին, կարծում եմ, կմիանա ցանկացած բանական մարդ՝ կատարել առողջապահության նախարարության պահանջները, պահպանել արտակարգ դրության ռեժիմը, չխանգարել իշխանություններին, որոնք, այո, ընդհանուր առմամբ կարանտինային միջոցառումներն ու այլ սահմանափակումներն իրականացնում են «ճիշտ ուղղությամբ» (թերությունները չհաշված): Ուղերձում տեղ գտած Տեր-Պետրոսյանի երկու առաջարկները միանգամայն տեղին են: Շատ ցանկալի կլիներ սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ արագ ու առանց ավելորդ քաղաքական աժիոտաժի ձեւավորել Արցախի նոր իշխանության մարմինները: Հանձնաժողովի հետ կապված՝ ընդհանրապես կասկածներ ունեմ դրա ձեւավորման անհրաժեշտության վերաբերյալ, եթե չկա «նախկիններին» մեղադրելու զուտ քարոզչական նպատակ, իսկ Արցախում կայունության հրամայականը, հավանաբար, հավելյալ մեկնաբանությունների կարիքը չունի: Ուղերձում կան նաեւ վիճելի դրույթներ:

Համաձայն չեմ, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն այս պահիս «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ: Անցած երեք տասնամյակների ընթացքում քաղաքական քարոզչության շատ ավելի սուր դրսեւորումների ենք ներկա եղել: Օրինակ, Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ավելի «կատաղի պայքար» էին մղում Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ (այդ թվում՝ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ), իսկ ՀԱԿ-ի պայքարը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ նույնպես բավականին «կատաղի» էր եւ զերծ չէր ատելության եւ թշնամանքի քարոզից, որն այժմ իր ուղերձում Առաջին նախագահը մերժում է: Չնայած 2008-2012 թվականներին շատ ակտիվ մարտական գործողություններ չէին ծավալվում, բայց, երեւի բոլորը կհամաձայնեն, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մշտապես ենք գտնվում պատերազմական վիճակում: Դրան կարելի է ավելացնել նաեւ, որ ներկայիս վարչապետի՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված քարոզչությունը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, երբ արդեն սկսվել էր կորոնավիրուսի տարածումը, նույնպես աչքի չէր ընկնում մեղմությամբ եւ զսպվածությամբ: Այնպես որ, այո, «նախկինների» շահերը ներկայացնող լրատվամիջոցները այժմ էլ են շարունակում քաղաքական պայքարը: Իշխանական լրատվամիջոցները նույնպես, հակառակ կողմից, այդ պայքարի մեջ են, բայց, որքան ես եմ հետեւում, երկու դեպքում էլ այդ «փոխհրաձգությունը» չունի արտառոց դրսեւորումներ: Եվ իսկապես արժե, որ երկու կողմերն է՛լ ավելի մեծ զսպվածություն դրսեւորեն: Իսկ ատելություն եւ թշնամանք որեւէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք՝ ո՛չ կորոնավիրուսի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո (Առավոտ):

---

iLur-ի խմբագրության կողմից – Ըստ արժանվույն գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածի առիթով հարգարժան պարոն Աբրահամյանի անաչառ արձագանքը, հարկ ենք համարում, միայն, ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Նախագահ Տեր-Պետրոսյանի հոդվածի էությունը վերաբերում է ԲԱՑԱՌԱՊԵՍ պատերազմական վիճակում ներքաղաքական պայքարի գրված թե չգրված կանոններին։ Իսկ 2008-2012թթ․ իշխանությունների դեմ ՀԱԿ-ի ծավալած սուր պայքարի մասին արված ակնարկի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ Կոնգրեսում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետևյալ հատվածը. «Շարունակելով սկզբունքային և վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից և երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին» (Լևոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 247-248, ինտերնետային հղումը՝ այստեղ)։