09.04.2020 14:18

Իրավիճակն աշխարհում

Իրավիճակն աշխարհում

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած գիշեր հատել է 1,5 միլիոնի սահմանը։ Covid-19-ից մահացել է 88,5 հազար մարդ։

Բրիտանիայում չորեքշաբթի արձանագրվել է մահերի ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրվա ընթացքում մահացել է 938 հիվանդ։ Երկրում մահերի ընդհանուր թիվն անցել է 7 հազարից, վարակակիրներինը 61,5 հազար է։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը BBC-ի եթերում ասել է, թե համաճարակի բարձրակետից Բրիտանիային բաժանում է մեկուկես-երկու շաբաթ, ուստի երկրում սահմանված կարանտինը հազիվ թե չեղարկվի առաջիկա օրերին կամ շաբաթներին։

Իտալիայում չորեքշաբթի արձանագրվել է օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացածների ռեկորդային թիվ՝ ավելի քան 2 հազար մարդ։

Իշխանությունների կարծիքով՝ իրադրությունն սկսում է լավանալ, սակայն կարանտինը հանելու մասին դեռ խոսք լինել չի կարող։

ԱՄՆ-ում Covid-19-ի զոհերի թիվն, ընդհակառակը, մեծացել է՝ մեկ օրում մահացել է 1965 պացիենտ։ Ընդհանուր առմամբ՝ վիրուսն այդ երկրում խլել է գրեթե 15 հազար մարդու կյանք, դրանցից 4,5 հազարը՝ Նյու Յորքում։

Անցած գիշեր ԱՄՆ-ը մահերի թվով դուրս է եկել երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Իսպանիայից։

Փոխանցում է BBC-ն։