09.04.2020 17:05

Լիզա Ճաղարյան. Չհասկանալը ներելի է, անհասկացող ձեւանալը՝ ոչ

Լիզա Ճաղարյան. Չհասկանալը ներելի է, անհասկացող ձեւանալը՝ ոչ

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրում է.  

Թե ինչու Ռ. Քոչարյանի, այսպես կոչված, աջակիցներն սկսեցին ջղակծկումների սուր նոպաներից գալարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածի հրապարակումից հետո, կարելի է հասկանալ, եւ իրենք չեն էլ թաքցնում գալարումների պատճառը։ Ըստ այս խմբակի՝ առաջին նախագահը պետք է իր առաջարկած դրույթների մեջ ներառեր իրենց «հերոսին» ազատ արձակելու պահանջը։ Չեմ անդրադառնա նման ակնկալիքի սնանկությանը, ընդամենն արձանագրեմ փաստը. իրենք կարծում են, որ պետք է նման ուղերձ լիներ, բայց չկա, դրա համար էլ ահա այս աջակիցները փրփուր ի բերան ելույթներ են ունենում ընդդեմ Տեր-Պետրոսյանի։ Նույնիսկ նման ակնկալիքն անհեթեթ համարողներս կարող ենք «ըմբռնումով մոտենալ» այս խմբակի մոլեգնությանը եւ այստեղ վերջակետ դնել։
Կարելի է հասկանալ նաեւ Առաջին նախագահի այս կամ այն ուղերձը նպատակահարմար չհամարողներին եւ իրենց անհամաձայնությունը հոդաբաշխ եւ չափի զգացումի նախանձելի պահպանմամբ արտահայտողներին։ Ի՞նչ կա որ. Տեր-Պետրոսյանն, օրինակ, կարծում է, որ բոլորիս հայտնի այս ծանր փորձության շրջանում պետք է «դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները», իսկ ահա «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանի համար այս դրույթը «վիճելի» է։ Թող լինի վիճելի, բայց մի՞թե հնարավոր չէ գեթ մեկ անգամ զերծ մնալ համահարթեցման «երկաթյա սկզբունքից» եւ 1992-94-ականների պատերազմի տարիների դաշնակցական ու ԱԺՄ-ական լրատվամիջոցների եւ ներկա ռոբասերժական լրատվամիջոցների «կատաղի պայքարը» չդնել նույն հարթության վրա Սերժ Սարգսյանի դեմ ՀԱԿ-ի լրատվամիջոցների պայքարի հետ՝ հենց միայն մեկ կարեւորագույն պատճառով. ՀԱԿ-ի լրատվամիջոցները երբե՛ք, պարոն Աբրահամյան, երբե՛ք ու երբե՛ք կանխամտածված լկտի կեղծիքներ եւ նենգ ու ստոր ստեր չէին տարածում ու չեն տարածում նաեւ այսօր։ Իսկ թե ինչ էր կատարվում 1992-94-ականների ընդդիմադիր մամուլում եւ ինչ է կատարվում հիմա ռոբասերժական սոցցանցերում ու հեռուստաալիքներում, դժվար թե աչալուրջ պարոն Աբրահամյանն անտեղյակ լինի։ Կամ՝ դժվար թե չի հիշում ՀԱԿ-ի լրատվական համեստագույն հնարավորությունները եւ այսօր չի տեսնում ներկա ռոբասերժական դիրիժորությամբ գործող լրատվական դաշտի ահասարսուռ մասշտաբները։ Ինչ որ է. այստեղ էլ վերջակետ դնենք։
Դե, ժամանակի անիմաստ կորուստ եմ համարում նաեւ անդրադարձը զանազան հոգեխանգարվածների զառանցանքներին, տգիտության «շքահանդեսի» մշտական մասնակից անմեղսունակների վայրահաչոցներին, մինչ օրս ազատության մեջ գտնվող հանցագործների «հայրենասիրական» բարբաջանքներին, ծախու սազանդարների բլթոցներին, ՀԱԿ-ից «աբիժնիկ» մանկուրտների թոթովանքներին եւ այլոց «վախը չափելու» ողորմելի փորձ անող, գունավոր ծխի տեսքից «վայ, մամա ջան, բոբո ա» վիճակի մեջ ընկած դուրսպրծուկներին։
Իսկ ա՛յ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ «Ազատության» եթերում արտահայտած «զարմանահրաշ բացահայտումների» կողքով անցնելը դժվար է, նախ, մի պարզագույն պատճառով։ Շա՛տ մտահոգիչ է, որ ոչ միայն վերոնշյալ հանձնաժողովը, այլեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու պատասխանատվությունն ստանձնած պարոն Քոչարյանը շլացուցիչ անընդունակություն է ի ցույց դնում իր որոշակիությամբ փայլող տեքստն ընկալելու հարցում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ո՞ր դրույթն է դարձել Անդրանիկ Քոչարյանի անընկալունակության պատճառը։
Ահավասիկ. «Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։
Սկսենք այնտեղից, որ պարոն Քոչարյանը լիուլի իրավունք ունի չհամաձայնելու Առաջին նախագահի այս ուղերձին։ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ՍԱՌԵՑՆԵԼ, իսկ Քոչարյան Անդրանիկը չի՛ ուզում ՍԱՌԵՑՆԵԼ։ Մեծատառերով եմ գրել՝ հույսս չկտրելով, որ ընդգծված բայի իմաստը տեղ կհասնի։ Բայց դե՝ այս դեպքում միայն «հույսի» վրա հույս դնելն էլ ճիշտ չէ, որովհետեւ դժվար է ենթադրել, որ պարոն Քոչարյանը չգիտի, թե տվյալ դեպքում ինչ ասել է՝ ՍԱՌԵՑՆԵԼ, եւ նույնքան դժվար է չտրվել այն գայթակղությանը, որ իմքայլական պատգամավորը գերադասել է իր ուսերին առնել հայերենի տարրական իմացության բացակայության անպատվաբեր բեռը՝ ինչ-ինչ «գործարքների» ու Ապրիլյան պատերազմից օրեր անց Լեւոն Տեր-Պետրոսյանին Սերժիկ Սարգսյանի այցի մասին «խորհրդավոր» ակնարկներ անելու «պատվաբեր» նպատակի համար։
Եվ այսպես, ՍԱՌԵՑՆԵԼ նշանակում է՝ պատերազմական այս ծանր իրավիճակում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ դադարեցնել, պարո՛ն Քոչարյան։ Ընդամենը։ Այսինքն, կորոնավիրուսը հավերժ չի շարունակվելու, եւ քանի որ, բարեբախտաբար, չի շարունակվելու, հանձնաժողովը Սերժիկ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն անպայման ունենալու է, ուրեմն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժիկ Սարգսյանի հանդիպման «դավադիր» անցքերը բացահայտելու «պատմաբեկումնային առաքելությունը» ոչ մեկը դաժանորեն չի խլում Քոչարյան Անդրանիկի ձեռքից։
Ավելին, հույսս չեմ կորցնում, որ հանձնաժողովն իրոք բացահայտելու է Ապրիլյան պատերազմի ողբերգության չափի իրական պատճառները, ոչ թե վերջում ցավալիորեն քաջածանոթ «թավշյա» բաժակաճառերի ականատեսն ենք դառնալու։
Առողջ եղեք։