06.02.2013 18:52

Աննախադեպ ընտրություններ, աննախադեպ կեղծիքներով. Կկեղծեն բոլորի համար

Աննախադեպ ընտրություններ, աննախադեպ կեղծիքներով. Կկեղծեն բոլորի համար

Նախորդ նախագահական ընտրությունների մեկնարկն այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը սկսել էր համեմատաբար «բարիի» մեջ: Պարզ էր` ամեն ինչ ընթանում էր ըստ իր և Ռոբերտ Քոչարյանի նախագծածի, ինքը շուտով պիտի Հայաստանի նախագահի աթոռը ժառանգեր` հեշտությամբ հաղթելով իր դրածո մրցակիցներին: Սակայն ամեն ինչ իրար խառնվեց, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց իր հանրահավաքային շարքը և ապա հայտարարեց իր առաջադրվելու մտադրության մասին: Իրավիճակն ակնհայտորեն վերահսկողությունից դուրս էր գալիս: Սարգսյանը պատրաստվել էր դրածոների հետ մրցակցությանը, այնինչ նրա դեմ առաջադրվեց  մի թեկնածու, ով քաղաքական դաշտը խառնեց իրար, գծվեց իրական թեկնածուների և դրածոների բաժանարար գիծը:

Հենց այդ ժամանակ էլ Սարգսյանը փոխեց իր ռազմավարությունը: Հասկանալով, որ պաշտոնն ստանալու հարցում ամեն օրն ու րոպեն  կյանքի և մահու հարց կարող է լինել, նա փոխեց իր բառապաշարը, նա այլևս չէր խորշում իր հիմնական մրցակցի դեմ հակաքարոզչություն անելուց: Ինքն  անձամբ:

Հակաքարոզչության անցան նաև իշխանության ազդեցության դաշտում գտնվող բոլոր, անխտիր բոլոր լրատվամիջոցները: Նման ագրեսիվ պաշտպանության անցնելու միջոցով դիրքերը պահելը դարձել էր գերխնդիր: Բայց անգամ դա  չօգնեց Սարգսյանին, նա, միևնույն է` դե ֆակտո պարտություն կրեց նախագահական ընտրություններում, ինչից հետո իշխանություններն անցան արդեն բացահայտ և տոտալ բռնությունների:

Այժմ Սերժ Սարգսյանը նորից փորձում է «բարիի մեջ» քարոզարշավ իրականացնել: Բանը հասել է նրան, որ Սարգսյանը հրապարակային իր խոսքն օգտագործում է ոչ միայն ու ոչ այնքան ինքն իրեն գովելու, որքան` իր մրցակիցներին գովաբանելու, նրանց արժանիքները գնահատելու, նրանց գովազդելու և նրանց կշիռ հաղորդելու համար: Ուրեմն, ի՞նչ է փոխվել 2008-ից հետո, Սարգսյա՞նն է այդքան բարի ու ժողովրդավար դարձել: Մի՞թե: Իրականում, Սերժ Սարգսյանը մնացել է նույնը, ուղղակի` իրավիճակն է փոխվել: Ուղղակի այս ընտրություններում նա դե ֆակտո մնացել է մենակ: Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են թեկնածուներ առաջադրել ընտրություններում, և Սարգսյանն այժմ բարդ իրավիճակում է հայտնվել. նա արդեն ոչ միայն իր համար ձայներ կեղծելու խնդիր պետք է լուծի, այլև, դեռ մի բան էլ՝ մրցակցության ֆոն ապահովի: Իսկ այս երկրորդ խնդիրը նույնիսկ ավելի բարդ է իրականացնել, քան առաջինը: Անշուշտ՝ եթե Սերժ Սարգսյանը վարչական հսկայական ռեսուրս չունենար և քաղաքականապես «մերկ» վիճակում մնար մյուս թեկնածուների հետ, ապա նա այդ ցանկում կհայտնվեր վերջից առաջին կամ երկրորդ հորիզոնականներում: Սակայն Սարգսյանն ունի այնպիսի մի ռեսուրս, որն իրեն ամեն դեպքում առավելություն է տալիս և առաջ է տանում իրեն հավասար մրցակիցներից: Ասել է թե` մեկնարկային վիճակում Սարգսյանն արդեն իսկ բավականին առաջ է կանգնած իր հետ մրցող թեկնածուներից: Սակայն խնդիրն այն է, որ նշանակված է քվեարկության օրը, բայց չկա ընտրություն: Հենց այդ խնդիրն էլ Սարգսյանը այժմ փորձում է ջերմեռանդությամբ լուծել` քվեարկությունը վերածել ընտրությունների: Նա պետք է այնպես ցույց տա, թե իր դեմ շատ լուրջ մրցակիցներ են առաջադրվել, և ինքը նրանց հաղթելու խնդիր ունի: Նա պետք է բարձրացնի իր մրցակիցների վարկն ու կշիռը: Այդ պատճառով էլ հեռուստաընկերությունները մեկը մյուսից տոլերանտ, բարի ռեպորտաժներ են ցուցադրում Սարգսյանի մրցակիցների քարոզարշավներից, ավելին, ի տարբերություն 2008-ի՝ այժմ արդեն ոչ թե ձգտում են քիչ քանակությամբ մարդկանց ցույց տալ այս կամ այն թեկնածուի նախընտրական հանդիպումներին, այլ նկարահանում իրականցնել այնպիսի ռակուրսներից, որպեսզի թվա, թե հանդիպումները շա՜տ մարդաշատ են անցնում: Նույն խնդիրը լուծում է նաև անձամբ Սարգսյանը:

Բայց մի հանգամանք կա. եթե դա ինքն անձամբ է անում, նշանակում է՝ ինքն էլ հասկանում է, որ մինչև հիմա գործադրված ջանքերն արդյունք չեն տվել: Իշխանություններն, իհարկե, սիրում են կրկնել, թե այս ընտրությունները աննախադեպ կլինեն: Այո՛, կլինեն աննախադեպ: Այն առումով միայն, որ առաջին անգամ իշխանական թեկնածուն կկեղծի ոչ միայն իր, այլև իր «մրցակից» թեկնածուների համար:

Պարգև Ապրեսյան