09.04.2020 17:39

ԱՀԿ․ «Դեռ թուլանալու ժամանակը չէ»

ԱՀԿ․ «Դեռ թուլանալու ժամանակը չէ»

Թուլանալու ժամանակը չէ․ չնայած Իտալիայից և Իսպանիայից եկող համեմատաբար լավատեսական լուրերին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ Երկիր մոլորակի բնակչության նշանակալի մասի նկատմամբ մտցված սահմանափակումները չեղարկելը վտանգավոր է։

Կորոնավիրուսը, հնարավոր է՝ նահանջում է որոշ երկրներում, սակայն այն դեռ հաղթահարված չէ։

«Այժմ խիստ սահմանափակումները թուլացնելու ժամանակը չէ։ Այժմ ժամանակն է՝ կրկնապատկելու, եռապատկելու համատեղ ջանքերը՝ ամբողջ հասարակության աջակցությամբ կորոնավիրուսը ճնշելու համար։ Ես բոլոր երկրներին, անկախ նրանց այժմյան դրությունից, կոչ եմ անում աշխատանքներն ուժեղացնել երեք ուղղությամբ»,- ասում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Անրի Կլյուգեն։

Այդ երեք ուղղություններն են՝ սովորեցնել և պատրաստել բուժանձնակազմեր, շարունակել կարանտինն ու ինքնամեկուսացումը, ինչպես նաև՝ որոնել վարակի հայտնաբերման և բուժման նոր միջոցներ և սեփական բացահայտումների մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը։

Այս ամենով հանդերձ՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնը ընդգծում է, որ Հին աշխարհը դեռ չի անցել համաճարակի բարձրակետը։ Թեպետ Իսպանիայում և Իտալիայում խոսում են կայունացման մասին, սակայն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Թուրքիան, համաճարակը նոր-նոր է թափ հավաքում։

Փոխանցում է euronews-ը։