10.04.2020 13:06

Իրենք իրենց ուրացողները՝ Էդուարդ Շարմազանով և Արմեն Աշոտյան

Իրենք իրենց ուրացողները՝ Էդուարդ Շարմազանով և Արմեն Աշոտյան

Այս օրերին հիշյալ անձնավորությունները աջուձախ փորձում են իրենց կարծիքով ինչ-որ կարևոր մտքեր արտահայտել Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին, որոնք, սակայն, ցույց են տալիս, որ այդ մարդիկ բացարձակապես չեն ըմբռնել հոդվածի էությունը և Առաջին նախագահին առաջնորդող մղումները։ Չծավալվելով, ուզում ենք հիշեցնել, թե նեղության պահին, ոչ վաղ անցյալում, նույն այս անձնավորությունները ինչպիսի գովեստներ են հնչեցրել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին․

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքը պետական բացառիկ մտածողության դրսեւորում է։ Դրական եւ բարձր եմ գնահատում ինչպես հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այնպես էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրությանն ուղղված հայտարարությունը: Առաջին նախագահն ասաց՝ հիմա քարեր շպրտելու ժամանակը չէ, պետք է միավորվել իշխանության ու նախագահի շուրջ։ Լ. Տեր-Պետրոսյանի նման պահվածքը ազդակ էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին լսարանի համար: Ներքաղաքական առումով սա ազդակ էր որոշ հիստերիկ ապազգային ուժերին, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Կարեւոր է, որ այդ մասին խոսեց մարդ, ով 1988թ.-ից հստակ տիրապետում է Ղարաբաղյան հիմնահարցին: Արտաքին քաղաքականության առումով՝ սա մեսիջ էր առ այն, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում նույնիսկ ռադիկալ ընդդիմություն համարվող ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարող է առաջնորդվել ոչ թե պետական, այլ քաղաքական շահի գերակայությամբ (aysor.am, 03.05.2016).։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Մեծարգո պարոն նախագահ, մենք հիշում ենք Ձեր քաղաքական սատարումը Սերժ Սարգսյանի իշխանությանը 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի եւ ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հավատացեք, որ Ձեր այդ քայլերն ընկալվել են՝ որպես քաղաքական իմաստնության եւ առաջնորդության բացառիկ դրսեւորումներ (news.am, 26.02.2019թ.)։