10.04.2020 14:17

Որոշ «ընդդիմադիրների» վերջին հույսը

Որոշ «ընդդիմադիրների» վերջին հույսը

Չէ, քաղաքական պայքարում իրենց ընդդիմություն հռչակած նախկինները ոչ միայն դադար չեն առնում, այլեւ, մի բան էլ՝ ավելի ու ավելի են կատաղի պայքար մղում կորոնավիրուսի օրերին: Թվում էր, թե հանրային ընդհանուր, պետության շահը գոնե այս օրերին ավելի բարձր պիտի դասեին, բայց պարզվում է, ինչքան գելի գլխին ավետարան են կարդում...:

Ու ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսն առիթ դարձրածները նման հարձակումներ անում են ոչ թե զուտ ընդդիմադիր լինելու հանգամանքից ելնելով, ոչ թե ավտոմատ ռեժիմով, այլ` ծրագրված, գիտակցված եւ միտումնավոր: Գիտակցված, որ այս նեղ վիճակից ավելի լավ առիթ գուցե էլ չունենան, այդ պատճառով էլ կարելի է ասել, որ նրանք միջոցների հարցում այլեւս խտրականություն չեն դնում: Լուրերում ընթերցում ես, որ Վրաստանի ընդդիմադիր գործիչները կոչ են արել միջազգային հանրությանը այս դժվար պահին օգնել իրենց երկրին, իսկ «մերոնք» արդեն վարակվածության ցուցանիշների հարցում Ադրբեջանի հետ են համեմատություններ անում:

Այսինքն, Ադրբեջանի իշխանություններին հավատում են, Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական թվերը հալած յուղի տեղ են ընդունում, Ադրբեջանի՛, որտեղ ոստիկանները բռնություն էին կիրառում առանց ջրի եւ կիսասոված կարանտինում փակված քաղաքացիների հանդեպ, Ադրբեջանի՛, որի քաղաքացիները Ստամբուլի օդանավաայանում ցույց էին անում եւ հայտարարում, որ իրենք բեռ չեն երկրի համար, ու խնդրում էին իրենց հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի՛, որտեղ կարանտինում մարդկանց պահում են քարանձավներում, եւ, ի վերջո՝ Ադրբեջանի՛, որին ժամանակին, երբ իրենք իշխանության էին, մշտապես որպես պաշտպանական վահան էին բերում, թե լռեք այս կամ այն հարցի մասին, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնեք: Ահա այդ Ադրբեջանին են այսօր տեղական «ընդդիմադիրները» բերում որպես վստահելի թվերով օրինակ՝ չմոռանալով զուգահեռ ռեպորտաժների հեղեղ պատրաստել այն մասին, թե որքան «վատ» պայմաններում են Հայաստանում կարանտինում գտնվող քաղաքացիները պահվում. «գրեչկան անալի է», «միկրոալիքային վառարան չունեն», «նրբերշիկը առավոտյան բարակ է, երեկոյան` հաստ», որ Հայաստանը մարդկանց թողել է Ռուսաստանում եւ չի ցանկանում հետ բերել, թեեւ արդեն առնվազն երկու չարտերային չվերթով մի քանի հարյուր մարդ են վերադարձրել, ու թեեւ ամենամեծ խնդիրը այն է, որ Ռուսաստանն է փակել չվերթները:

Այո, հասել ենք այնտեղ, որ հայաստանյան ընդդիմադիրներից ոմանք այնքան են ոգեւորվել հարմար առիթով, որ քարոզչական հեղեղում չեն խորշում անգամ դիմել Ադրբեջանի օգնությանը: Որովհետեւ թքած ունեն մարդկանց վրա էլ, մարդկանց առողջության վրա էլ, երկրի վրա էլ։ Նրանք, փաստորեն, անկեղծորեն ցանկանում են, որ երկիրն այս բարդ վիճակից չկարողանա դուրս գալ, որ ավելի շատ վարակվածներ ու մահվան դեպքեր լինեն, որ տնտեսական վիճակը (չենք մոռանում, չէ՞, թե որ ապիկար իշխանավորների թալանի արդյունքում Հայաստանի տնտեսությունն իրականում նորմալ չզարգացավ, ու հարյուր հազարավոր մարդիկ այդպես էլ օրվա հացի փող գտնելու ուղեծրից դուրս չեկան) վատթարանա, հուսահատված մարդիկ դուրս գան փողոց, եւ գուցե այդ ժամանակ իրենք վերջապես հնարավորություն ստանան վերադարձնել իշխանությունը: Սա է այդ մարդկանց հույսն ու ծրագիրը: Հատկապես,  որ իրենց կարծիքով՝ սա իրենց վերջին շանսն է:

 

Արսեն Օհանյան