13.04.2020 14:03

Արցախում կա հաստատված 6 դեպք

Արցախում կա հաստատված 6 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:

Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:

Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:

Մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Միաժամանակ, Արցախի ԱՆ-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել:

Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից տեղափոխվել է Շուշիի բուժմիավորում:

Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում մինչ այդ արդեն հաստատվել էր վարակի 5 դեպք եւս, ընդհանուր թիվը այս պահի դրությամբ 6-ն է:

Երեկ ժամը 22-ից Արցախում ուժի մեջ է մտնել հայտարարված Արտակարգ իրավիճակը, այն կգործի մինչեւ մայիսի 12-ի ժամը 22-ը:

Քանի որ հայտարարվել է ոչ թե Արտակարգ դրություն, այլ` Արտակարգ իրավիճակ, եւ այն առանձին իրավական ռեժիմ է, ուստի Արցախի նախագահի ընտրությունների վաղը նախատեսված երկրորդ փուլը կկայանա: