14.04.2020 16:49

Լիզա Ճաղարյան. Սողոմոնյան Վիկտորը սպառնում է «մեր ժողովրդին»

Լիզա Ճաղարյան. Սողոմոնյան Վիկտորը սպառնում է «մեր ժողովրդին»

Ըստ infoport.am կայքի, Ռ. Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքով» այս նույն Ռ. Քոչարյանին պատկանող գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունների համար «հսկայական նշանակություն ունի» Քոչարյանի կալանքը։ Ըստ Սողոմոնյանի՝ ապօրինի՛ կալանքը։ Ռ. Քոչարյանին պատկանող գրասենյակի ղեկավարը, ըստ նշված կայքի, չի զլացել ընդգծել, որ իր անմիջական ղեկավարի կալանքը հայ-ռուսական հարաբերությունների համար «հսկայական նշանակություն ունի» նաեւ «ներքին կյանքում»։

Թե ինչ են տենչում Սողոմոնյանն ու իր ղեկավարը, որ Ռուսաստանն իրականացնի Հայաստանի «ներքին կյանքում», դժվար չէ գլխի ընկնել, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ ինքնիշխան պետության «ներքին կյանքին» այլ պետությունները կարող են միջամտել միայն առնվազն այդ պետության ինքնիշխանությունը ոտնահարելով, իսկ թե ինչպես են տեղի ունենում նման ոտնահարումները, մարդկության պատմությունից քիչ թե շատ տեղյակներին կարիք չկա հիշեցնելու։ Ասել է թե՝ Սողոմոնյան Վիկտորն ու իր ղեկավարը կարծում են, որ Ռուսաստանը, հանուն Ռ. Քոչարյանի, զորք է հանելու Հայաստանի դեմ ու ազատելու է իր «անմեղ» ղեկավարին։

Եվ ինչու՞ են նման բան կարծում Սողոմոնյանն ու իր ղեկավարը։ Որովհետեւ պարզել են, որ «ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա», իսկ ահա Սողոմոնյանի ջանքերի շնորհիվ պարզվել է, որ լա՛վ էլ ազդեցություն կունենա, որովհետեւ այս նույն Սողոմոնյանը զանգել է այդ պաշտոնյային ու հարցրել՝ ճի՞շտ է, որ նման բան եք ասել, իսկ պաշտոնյան հավաստիացրել է, որ ինքը նման բան չի ասել։

Չեմ կասկածում, որ այս տողերը կարդալուց հետո շատերի մտքով ինչ վատ բան ասես անցավ։ Օրինակ, ոմանք անմիջապես հիշեցին, թե ինչպես են քոչարյանական լրատվամիջոցներն օրուգիշեր ռուս պաշտոնյաներ եւ հայազգի ռուսաստանաբնակներ պեղում, որ սրանք մատ թափ տան Հայաստանի իշխանությունների վրա ու հայաստանցիներիս պատմեն, թե ինչ հերոս է Ռ. Քոչարյանը եւ ինչպես է ազատագրել Արցախն ու դրախտ դարձրել Հայաստանը։ Ոմանք էլ երեւի հիշեցին, թե ինչպես են ռուսական ինչ-ինչ ալիքներ սողոսկում քոչարյանականները, որ Ռուսաստանի քաղաքացիներին «ահազանգեն», թե ինչպես են նորերը կործանում Հայաստանը, եւ չեն էլ թաքցնում, որ ակնկալում են Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ Ոմանք էլ կհիշեն, որ որեւէ «ճ» կլասի ՌԴ քաղաքական գործչի հակահայաստանյան խոսք կորզելուց հետո ինչպիսի դիվային հրճվանք են ապրում քոչարյանականները եւ սրանց կամակատար լրատվամիջոցները։

Սողոմոնյան Վիկտորը վերոնշյալներին նման չի, չէ՛։ Նա «մեծահոգաբար» հույս է փայփայում, որ հայ-ռուսական «հարաբերությունները կպահպանվեն», ուշադրություն՝ «քանի դեռ այս կնճիռները վերացված չեն»։

Սպասե՛ք, մի շտապեք թեթեւացած շունչ քաշել ու սրտապատառ մտածել «կնճիռները» վերացնելու մասին, որովհետեւ, չնայած Սողոմոնյան Վիկտորը շա՛տ է ուզում, ուղղակիորեն տենչում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն, բայցեւ սրտի մորմոքով խոստովանում է. «...ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաեւ հետագայում»։ Պարզ է, չէ՞, թե ինչու։ Որովհետեւ «ամեն ինչ չափ ու սահման ունի»։ Ռուսաստանը հենց տեսնի՝ «կնճիռները» շատ են չեմուչում անում, հանուն Քոչարյանի ռուս-հայկական հարաբերությունների վերջակետը կդնի։

Վստահ եմ, «չարամիտների» գլխում մի հարց է շարունակում օդում կախված մնալ՝ բա եթե էս Սողոմոնյանն ու իր ղեկավարը էրվում-փոթոթվում են հայ-ռուսական հարաբերությունների պահպանման համար, ա՛յ էս նույն Սողոմոնյանն ինչու՞ է այդպես, լոռեցու ասած՝ այսահարված գտել է՜ն վերեւում նշված «ռուս բարձրաստիճան պաշտոնյային, որ պարզի՝ իր ասածը նենգափոխե՞լ են, թե հենց այդպես էլ ասել է. «...այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա», եւ հիմա, «պարզելուց» հետո ինչու՞ է «ավետիսի» պես բարձրաձայնում, որ անպայման ազդեցություն կունենա։

Այսքանով չի բավարարվում հայ-ռուսական հարաբերությունների պահպանման ցանկությունից գլուխը կորցրած Սողոմոնյան Վիկտորը։ Նա «մեկ ամիս առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում եղած արտահոսքը» նույնպես պատահականություն չի համարում։ Ա՛յ, էդ պարբերականում էլ են գրել, որ եթե «Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել»։

Բա՞։

Մի՛ շտապեք մութ-մութ հետեւություններ անել, որովհետեւ Ռ. Քոչարյանին պատկանող գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը շարունակում է հուսալ, որ այդ հարաբերությունները «չեն տուժի, եւ մեր ժողովուրդը վնասներ չի կրի»։

Ես էլ եմ հուսով, որ ընթերցողը կրկին համոզվեց ու լիուլի հասկացավ, որ Վիկտոր Սողոմոնյանն ու իր ղեկավարը զօրուգիշեր հայ-ռուսական հարաբերությունների պահպանման դարդով են տապակվում, բայց նաեւ, իրենց խմբակի «նվիրյալ» անդամների հետ ձեռ-ձեռի ու ոտ-ոտի ջանք չեն խնայում այդ հարաբերությունները վատթարացնելու համար, չնայած էն «կնճիռները» դեռ վերացված չեն։

Իսկ կարեւորագույն «կնճիռի» վերացումը, ասել է թե՝ գլխավոր ամբաստանյալի ազատ արձակումը, մեր մեջ ասած, այս նույն ամբաստանյալի եւ նրան պատկանող գրասենյակի ղեկավար Սողոմոնյան Վիկտորի համար Հայաստանից էլ է կարեւոր, հայ-ռուսական հարաբերությունների պահպանումից էլ, եւ Սողոմոնյանը, ի «պատիվ» իրեն, սա չի էլ թաքցնում։

Իսկ Հայաստանում կա՞ գեթ մեկը, որ հակառակն էր կարծում։

Եթե կա, թող շտապ տեստավորվի. կորոնավիրուսը նենգ վարակ է՝ նույնիսկ էս կարգի «մեծ հայրենասերներին» չի խնայում։