14.04.2020 20:05

International Security պարբերականում լույս է տեսել Արման Գրիգորյանի «Ընտրովի վիլսոնականություն» հոդվածը

International Security պարբերականում լույս է տեսել Արման Գրիգորյանի «Ընտրովի վիլսոնականություն» հոդվածը

Ամերիկյան հեղինակավոր International Security միջազգայնագիտական պարբերականում լույս է տեսել Արման Գրիգորյանի «Ընտրովի վիլսոնականություն» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակի թիրախը ազատական տեսության այն դրույթն է, ըստ որի` ժողովրդավարության քաջալերումը միջազգային ասպարեզում ժողովրդավարական պետությունների համար կարևորագույն առաջնահերթություն է։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի սեղմագիրը.

«Երբ 2013 թ. Ուկրաինայում զանգվածային շարժում սկսվեց Վիկտոր Յանուկովիչի կոռումպացված իշխանության դեմ, Միացյալ Նահանգներն ու նրա արևմտաեվրոպական դաշնակիցները արագ մոբիլիզացվեցին ի պաշտպանություն այդ շարժման։ Ազատականները մոբիլիզացիան արդարացրին ու գովերգեցին ժողովրդավարությանն աջակցելու վիլսոնյան տրամաբանությամբ։ Ռեալիստները հիմնականում չվիճարկեցին ազատականների պնդումը աջակցության շարժառիթի վերաբերյալ, բայց քննադատեցին այդ աջակցությունը՝ որպես պատրանքների վրա հիմնված, և դրան վերագրեցին հետագայում Ուկրաինայում ծայր առած քաղաքացիական պատերազմը։ Սա առեղծված է, որովհետև ուկրաինական դեպքերից հինգ տարի առաջ նմանատիպ մի շարժում ցնցել էր մեկ այլ հետխորհրդային հանրապետություն` Հայաստանը։ Արևմուտքի վերաբերմունքն այդ շարժման նկատմամբ, սակայն, տատանվում էր անտարբերության ու թշնամանքի միջև, մինչդեռ վիլսոնյան տրամաբանությամբ` շատ ավելի հզոր շարժառիթներ պետք է լինեին այդ շարժմանն աջակցելու համար։ Արևմուտքի` իրարից շատ տարբեր արձագանքների պատճառն իրականում երկու շարժումների տարբեր վերաբերմունքն էր Ռուսաստանի նկատմամբ. մասնավորապես, ուկրաինական շարժումը խիստ հակառուսական ուղղվածություն ուներ, իսկ հայկականը` ոչ։

Այլ կերպ ասած՝ վիլսոնականությունը կյանքի կոչվեց, երբ այն համընկավ աշխարհաքաղաքական շահի հետ։ Երբ նման շահ չկար, վիլսոնականությունը չակտիվացվեց։ Իրականում՝ սա շեղում չէ ընդհանուր պատմական օրինաչափությունից։ Արևմուտքն աջակցել է ժողովրդավարական ուժերին բացառապես այն դեպքերում, երբ այդ աջակցությունը համընկել է այլ` նյութական շահերի պաշտպանության հետ, և երբեք չի աջակցել, երբ դա սպառնալիք է առաջացրել նման շահերի համար»։