14.04.2020 23:20

Անցում ժողովրդավարության հաջորդ աստիճանին. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Անցում ժողովրդավարության հաջորդ աստիճանին. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախում ավարտվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Նախնական տեղեկություններով, ձայների ավելի քան 80 տոկոսով Արցախի նորընտիր նախագահն է Արայիկ Հարությունյանը;

Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի՛ հայրենակիցներ

2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:

Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:

Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:

Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս: