15.04.2020 17:09

Լիզա Ճաղարյան. Լափակերների պղծությունը հատել է բոլոր սահմանները

Լիզա Ճաղարյան. Լափակերների պղծությունը հատել է բոլոր սահմանները

Խոստովանենք, որ իշխանությունից զրկված ավազակախումբը մեկ հարցում ակնհայտ «հաջողության» է հասել. սրանց ծառայող լրատվամիջոցները տարրական բարոյականության բոլոր սահմաններն այնպիսի լկտիությամբ ու դիվային հեշտանքով են հատել, եւ այս դաշտն այնքան է պղծվել, որ արդեն սկսել է չապշեցնել ու չցնցել հանրությանը։

Ընտելանու՞մ ենք։ Համակերպվու՞մ ենք։ Մեզ անզո՞ր ենք զգում այս կեղտաջրերի սելավի դեմ հանդիման։ Թե՞ անմեղսունակորեն ձեւացնում ենք, թե խոսքի ազատությունը հենց սա է, ինչ որ կատարվում է այսօր ռոբասերժական լրատվաորջերում։

Մնացե՞լ է գեթ մեկ սրբություն, որ սրանք աղտոտած չլինեն՝ սկսած ընտանիքներից, այդ ընտանիքների նույնիսկ անչափահաս երեխաներից՝ հասնելով մինչեւ իրենց լափն ապահովող ավազակների պատվերներով սպանված անմեղ զոհերի հարազատների վերքերը թրիքոտ կճղակներով տրորելուն։

Ծանոթ ձեռագիր է, նոր բան չէ. այս վիժվածքային բարոյալքման հիմքը դրվեց 90-ականներին, բարձրակետին հասավ Հոկտեմբերի 27-ի կոտորածից հետո, երբ գրեթե ամեն օր Հանրային հեռուստատեսություն կոչեցյալ, սակայն քոչարյանական որջ դարձած «Հայլուրը» եւ սրանց դուստր-ձեռնարկությունները սկսեցին անթաքույց ծաղրել զոհերի հարազատներին՝ իրենց լրագրողական «պրոֆեսիոնալիզմը» փայփայելով ու ցուցադրելով միայն այն դեպքում, եթե խոսքը հասնում էր «ռոմանտիկ» ոճրագործներին։

Այսօ՛ր էլ նույն ձեռագիրն է գերակշռում լրատվական դաշտում, որովհետեւ գաղտնիք չէ, որ նույն քոչարյանականներն են թագավորում հոնորարը լափի հետ նույնացնող ԶԼՄ-ներում։

Արդեն ասացի. ակնհայտորեն հանրությունն ընտելանում է իր գլխին թափվող այս աղբի գոյությանն էլ, աղբի գարշահոտությանն էլ, եւ ահա այս ընտելացողներին՝ սկսած «թավշյա» իշխանությունից, վերջացրած հանդուրժողականության դասեր տվող «բարեկիրթներով», առաջարկում եմ ընթերցել «անաչառագույն» կայքի մի, այսպես կոչված, լրագրողի հերթական սանձարձակ բարբաջանքից մի հատված. «Երեխաներին թեւերի տակ հավաքած ՀՀ քաղաքացուն մեկ ամսից ավելի է, ինչ այլեւս չեն հետաքրքրում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված քաղաքական մեղադրանքները, ո՛չ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված ծիծաղելի գործը, ո՛չ Մարտի 1-ի զոհերի «ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ» ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ (ընդգծումն իմն է – Լ. Ճ.) եւ ո՛չ էլ նույնիսկ ժանտախտի օրերի պարգեւավճարները, որ անթաքույց անամոթությամբ պատրաստվում է ստանալ, այսպես կոչված, քաղաքական վերնախավը, որ «շարունակի նվիրված աշխատել»»։

Ես, իհարկե, այս արտաքուստ բեղերը սղալած «ազրեիլի» նմանվող, բայց իրականում իր ոճով ու բառապաշարով՝ մազերը «պերեկիսով» վառած ու սովետի տարիների վարսավիրանոցների առաջ իրար մազ պռճոկող կնանիքի մակարդակից չտարբերվող այս արարածին չեմ ցանկանում այնպիսի «պայծառ» ապագա, որ մի օր իր «իրավահաջորդներին» նույնպես «պարգեւատրեն», առավել եւս՝ չեմ ցանկանում, որ ի՛նքը դառնա «պարգեւատրված իրավահաջորդ», բայց չեմ էլ զլանա ասել, որ ինքը դաժանորեն խաբված է, եթե կարծում է, որ բոլոր երկոտանիները «մարդ» կոչվելու իրավունք են վաստակել, եւ որ անմեղ զոհերի հարազատներին տրված պետական աջակցությանը նման վիժվածքային բնորոշում տվող այս թյուրիմացությունը իսկեւիսկ քոչարյանական «բարոյական արժեքների» արժանավոր կրող է, իսկ այդ տեսակին Հայաստանի քաղաքացիները վաղուց ի վեր «բորենի» բնորոշումն են տվել։

Ի դեպ, «ՀՀ քաղաքացուն մեկ ամսից ավելի է, ինչ այլեւս չեն հետաքրքրում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված քաղաքական մեղադրանքները» բլթոցի հեղինակն իր, այսպես կոչված, հոդվածում չի էլ թաքցնում, որ իր վայնասունի միակ «մեխը» հենց Քոչարյան Ռոբերտն է, եւ իրեն հետաքրքրողը միմիայն գլխավոր ամբաստանյալին ակնահաճո զառանցելն է՝ դրանից բխող «պարգեւատրությամբ»։

Իրեն արժանի ոճով հակադարձեմ՝ բկիդ կանգնի։

Հ. Գ. Պարգեւավճարների մասով խեղաթյուրմանը չեմ անդրադառնա. թող «իմքայլական» Հովիկ Աղազարյանն ու նրա նմանները, որ ժամանակ առ ժամանակ փորձում են ինքնահաստատվել Առաջին նախագահի հասցեին հերթական զառանցանքը «երկնելով», ուղեղներն աշխատեցնեն (եթե ունեն) եւ հոդաբաշխ բացատրեն, որ իրենք անթաքույց անամոթ չեն, կամ էլ հաստատեն, որ շատ էլ լավ՝ անամոթ են։ Ներկա իշխանությունն աննախադեպ ուժեղ է եւ «կողմնակի անձանց» պաշտպանության կարիքը չի զգում։