15.04.2020 17:34

Ինչպես շահարկել հարստահարվածների խնդիրները

Ինչպես շահարկել հարստահարվածների խնդիրները

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական խնդիրներ է հարուցել ամբողջ աշխարհի եւ, մասնավորապես, Հայաստանի  համար, այլեւ, որպես դրա հետեւանք` ի հայտ են եկել տնտեսական դժվարություններ, որոնք, բնականաբար, խորանալու են: Դա ակնհայտ է ոչ միայն տնտեսագետներին, այլեւ` բոլոր-բոլորին:

Հարցն այլ հարթության մեջ է: Կա համընդհանուր խնդիր, որ պատել է ամբողջ աշխարհը, եւ բոլոր նրանք, ովքեր իրապես մտահոգ են սեփական երկրի ապագայով եւ իրապես այս կամ այն ոլորտի մասնագետներ են, պետք է փորձեն  լուծումներ առաջարկել, իրական լուծումներ: Բայց մենք ունենք լիովին այլ իրողություն: Երբ շատ քաղաքական գործիչներ լուծումների փոխարեն զբաղված են մանիպուլյացիայով, շանտաժով եւ հանրությանը խճճելով:  Որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդ որեւէ հարցում որոշակի կարծիք է ունենում, այն պետք է որ կայուն լինի, այլ ոչ թե ըստ իրավիճակի փոխվի` երբեմն հակասելով սեփական հայտարարություններին:

Քանի կար՝ նախկիններից շատերը ահազանգում էին, թե պետք է շտապ արտակարգ դրություն հայտարարել եւ սահմանափակումներ մտցնել: Այդ քարոզչությունը շարունակվեց այնքան, մինչեւ հայտարարվեց արտակարգ դրություն: Ու հենց այդ պահից սկսած՝ նախկին իշխանությունների եւ, ինչու չէ, նաեւ խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանց քարոզչական գիծը  կատարելապես փոխվեց, եւ «փակեք, սահմանափակեք»-ը դարձավ` «բա որ մարդկանց արգելել եք աշխատանքի գնալ ու մնալ տանը, բա մարդիկ ինչպե՞ս ապրեն», «մարդիկ հացի գումար չունեն», «մարդկանց տանը փակել են, որ բունտ չլինի», «մարդիկ ցույց են անում»: Սա բազմաթիվ օրինակներից մեկն է, բայց ամենացցունը, որի վրա էլ փորձենք կենտրոնանալ:

 Ունենք քարոզչական երկու ուղղություն՝ շրջանառվող նույն շրջանակների կողմից: Եւ զուտ տեքստային առումով, թվում է, թե այն մարդկանց մասին է: Բայց բովանդակային եւ ենթատեքստային առումով տեսնում ենք, որ այդ քարոզչական հայտարարությունները, վերնագրերը, «ահազանգերը» եւ «անհանգստությունները» որեւէ աղերս չունեն մարդկանց հետ, որովհետեւ այդ ամենի շահառուն մարդիկ չեն, այլ դրանք շրջանառող քաղաքական շրջանակները:

Կապ չունի, թե քո ասածները մարդու մասին են, թե` ոչ: Կարեւորն այն է` դրանք մարդկանց համա՞ր են:

Իսկ թե ինչու են այդ ուժերը շահարկում մարդկանց խնդիրները` վաղուց ակնհայտ է: Սա նրանք դիտարկում են որպես քաղաքական ռեւանշի միակ ու վերջին շանսը:

Եւ մարդիկ այս պատմության մեջ իրենց համար միայն գործիք են:

Հակառակ դեպքում նրանք պիտի վաղուց պատասխան տային այն հարցին, թե իսկ, ընդհանրապես, ովքեր մարդկանց հասցրին սոցիալական այն վիճակին, որում նրանք կան։ Թե այդ ինչու տնտեսական խնդիրներ ունեն սովորական մարդիկ, բայց ոչ այն ուժերը եւ անձինք, որոնք շահարկում են մարդկանց խնդիրները: Այդ անձինք ինչպես իշխանության գալու պահից ապահովված էին, այնպես էլ ապահովված են այսօր, շահարկողները փողի խնդիր չունեն՝  մեղմ ասած: Ավելին, նրանք ունեն այնքան գումար, որ այդ փողն այսօր դարձրել են քաղաքական շահարկումների գործիք՝ ակնարկելով, թե՝ մենք գումարի հետ կապված՝ խնդիր չունենք,  ժողովուրդ ջան, մոռացեք անցյալն ու եկեք մեզ մոտ, մենք ձեզ մի քիչ պարենով կօգնենք, մեր գրպանն էլ հո պետբյուջեն չի, որ լիքը չլինի:

Իսկ իշխանությունն այս օրերին լուրջ անելիք ունի` համավարակի դեմ պայքարելուց բացի: Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ նախկին հանցագործներին ուղղված դատարկ սպառնալիքները չեն աշխատում, եթե դրանք գործողության` հետեւողական ու պրոֆեսիոնալ գործի չեն վերածվում: Եթե դրանք օրենքի, իրավունքի ուժի եւ պատասխանատվության տեսք չեն ստանում:

 

Արսեն Օհանյան