16.04.2020 11:53

Թրամփը սպառնում է արձակել ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները

Թրամփը սպառնում է արձակել ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը սպառնացել է անորոշ ժամանակով արձակել Կոնգրեսի երկու պալատները, եթե Սենատը չհամաձայնի անհապաղ հաստատել տարբեր գերատեսչությունների ղեկավար պաշտոններում Սպիտակ տան առաջադրած թեկնածուներին։

Կոնգրեսի աշխատանքի ընդմիջման ժամանակ նախագահը կարող է պաշտոնյաներ նշանակել առանց Սենատի հաստատման։ Սակայն վերջին տարիներին Կոնգրեսը, փաստորեն, չի ընդհատել նիստերը․ նույնիսկ երբ օրենսդիրների մեծ մասը Վաշինգտոնում չի լինում, ձևականորեն՝ նիստերն անցկացվում են մասնակիցների նվազագույն թվով։

Ներկայում ԱՄՆ-ում թափուր է մնում տարբեր գերատեսչություններում պետության կառավարման համար առանցքային համարվող 749 հաստիքներից 150-ը։ Բայց Թրամփը նշել է միայն մեկ թափուր պաշտոն․ նրա խոսքով՝ Սենատն արդեն երկու տարի է՝ չի հաստատում Մայքլ Փեքի թեկնածությունը «Ազատություն ռադիոկայանը», «Ամերիկայի ձայնը» համակարգող հեռահաղորդակցության գծով տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մինչդեռ, հավելել է նախագահը, «Ամերիկայի ձայնը» «զզվելի բաներ է հեռարձակում մեր երկրի մասին»։

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի «բացառիկ դեպքերում» հայտարարել Կոնգրեսն արձակելու մասին, սակայն մինչ այժմ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում պետության ոչ մի ղեկավար չի օգտվել այդ հնարավորությունից։

Փոխանցում է BBC-ն։