16.04.2020 15:33

Չինաստանի կարծիքով՝ Ռուսաստանն իր համար դարձել է Covid-19-ի հիմնական աղբյուրը

Չինաստանի կարծիքով՝ Ռուսաստանն իր համար  դարձել է Covid-19-ի հիմնական աղբյուրը

Չինաստանի տարածքում, որտեղ ի հայտ է եկել կորոնավիրուսը, համաճարակն ավելի ու ավելի պակաս ակտիվ է։ Այժմ այստեղ հիվանդության նոր դեպքերի մեծ մասը կապված է դրսից ժամանածների հետ, իսկ Covid-19-ի հիմնական «ներկրողը» դարձել է Ռուսաստանը։

Վերլուծելով պաշտոնական վիճակագրությունը՝ BBC-ի չինական ծառայությունը պարզել է, որ ապրիլի 15-ի դրությամբ Ռուսաստանից Չինաստան է ժամանել կորոնավիրուսով վարակված 541 մարդ։ Դա դրսից բերված վարակի բոլոր 1 500 դեպքերի մեկ երրորդից ավելի է։

Երկիր մուտք գործած հիվանդների թվով երկրորդ և երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ժամանածները (համապատասխանաբար՝ 296 և 161 հիվանդ)։

Չինաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ Ռուսաստանից ժամանած բոլոր ուղևորները Չինաստանի քաղաքացիներ են,  մեծ մասը մասնավոր առևտրով է զբաղվում Ռուսաստանի տարածքում։ BBC-ի տեղեկություններով՝ հիվանդների զգալի մասը աշխատել է Մոսկվայի «Садовод» և «Москва» շուկաներում։

Բոլոր նրանք, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը, գտնվում են Շանհայում կարանտինի մեջ։

Փոխանցում է BBC-ն։