16.04.2020 16:45

Դոնալդ Թրամփ․ «Համաճարակի պիկը հաղթահարված է»

Դոնալդ Թրամփ․ «Համաճարակի պիկը հաղթահարված է»

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 650 հազարի, մահացությունը՝ մոտավորապես 31 հազար։

Միչիգանում մահերի թիվը հասնում է գրեթե երկու հազարի։ Այնուամենայնիվ, Միջին Արևմուտքում գտնվող այդ նահանգի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով վերադառնալ նորմալ կյանքի։ Նրանք դժգոհ են կարանտինային միջոցառումներից, որ սահմանել է նահանգապետ Գրեթհեն Ուիթմերը։

Վաշինգտոնում դաշնային վարչակազմը, վերլուծելով համաճարակաբանների տվյալները, մտադիր է հինգշաբթի հայտարարել, թե ինչպես պետք է միացվի ամերիկյան տնտեսության շարժիչը։

«Մեր ունեցած տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ մենք անցել են համաճարակի բարձրակետը, հուսով եմ, որ այս միտումը կպահպանվի։ Այդպիսով, մենք հնարավորություն ունենք շարունակելու հրահանգների մշակումը, թե հատկապես ինչպես է հարկավոր սկսել բացել երկիրը և վերադառնալ նորմալ կյանքի»,- հայտարարել է Թրամփը։

Կորոնավիրուսից մահացածների գրեթե մեկ երրորդը՝ 11 հազարից ավելին, Նյու Յորքի բնակիչներ են։ Սակայն չնայած այս ցավալի թվերին՝ նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես այն կարծիքին է, որ այս օրերին իրավիճակը ավելի լավ է, քան շաբաթվա սկզբին էր, քանի որ հիվանդանոցային ճգնաժամը, երբ ստացիոնարները աշխատում էին, ըստ էության, դաշտային պայմաններում՝ պացիենտների անվերջանալի հոսքի պատճառով, հաղթահարվել է։

«Բժիշկներն արեցին անկարելին, նրանք կարողացան հաղթահարել հոսպիտալացման փոթորիկը, որը գրոհել էր մեր բուժհաստատությունների վրա»,- ասել է Նյու Յորքի նահանգապետը։

Փոխանցում է euronews-ը։