17.04.2020 11:06

Կորոնավիրուս․ Իրավիճակը Եվրոպայում

Կորոնավիրուս․ Իրավիճակը Եվրոպայում

Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի առնվազն երեք շաբաթով  երկարացրել են կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները, հայտարարել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը։

Բրիտանիայում մարտի 26-ից մտցված կարանտինը կերկարացվի մինչև մայիսի սկիզբը, սակայն իշխանությունները սահմանափակող միջոցառումները կհանեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ դա չի հանգեցնի վարակի տարածման տեմպերի արագացմանը։

Վերջին օրվա ընթացքում Բրիատանիայի հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 861 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը հասել է 13 728-ի, տեղեկացրել է Ռաաբը։

Ֆրանսիան հաղորդել է կորոնավիրուսից ևս 1 438 մարդու մահվան մասին։ Սա համաճարակի սկզբից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։ Սակայն, որոշ տվյալներով՝ այս թվի մեջ ընդգրկվել են նաև զատկական տոների ընթացքում ծերանոցներում մահվան դեպքերը։

Ամեն դեպքում՝ իրավիճակը Ֆրանսիայում չափազանց լուրջ է։ Կարանտինի խիստ միջոցառումները երկարացվել են մինչև մայիսի 11-ը և, ամենայն հավանականությամբ, էլի կվերանայվեն։

Ուրբաթ օրվանից կարանտինն ուժի մեջ է մտնում Սերբիայում։ Նախնական տվյալներով՝ այն կտևի ընդամենը 84 ժամ։

Լիխտենշտեյնի իշխանությունները կենսաչափական թևնոցների համակարգ են մտցնում, որոնք կահազանգեն թևնոցը կրողի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ հայտնվելու դեպքում ՝ ջերմության բարձրացում, շնչարգելություն, հաճախացած սրտխփոց։

Եվրոպայի մյուս երկրներում մեղմացում է նկատվում։ Շաբաթվա սկզբից Իսպանիայում աշխատանքն են վերսկսել որոշ գործարաններ և բիզնեսներ, միլիոնավոր մարդիկ վերադարձել են աշխատանքի։ Եվրամիությունը, իհարկե, քննադատում է Իսպանիայի իշխանություններին՝ նման որոշում կայացնելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կվերաբացվեն որոշ խանութներ։

ԱՀԿ եվրոպական բաժինը հինգշաբթի նախազգուշացրել է, որ չնայած որոշ երկրներում նկատվող դրական դինամիկային՝ վարակվածության և մահերի թիվն այդ աշխարհամասում անշեղորեն աճում է, և դեռ վաղ է մտածել սահմանափակումները մեղմացնելու մասին։

Փոխանցում է BBC-ն։