17.04.2020 14:16

Ռուսաստան․ Ինքնամեկուսացման ռեժիմը կարող է երկարացվել մինչև ամառ

Ռուսաստան․ Ինքնամեկուսացման ռեժիմը կարող է երկարացվել մինչև ամառ

Մոսկովյան իշխանությունները քննարկում են ինքնամեկուսացման ռեժիմը մինչև մայիսի վերջը երկարացնելու հնարավորությունը՝ Covid-19-ով հիվանդացության հայտնաբերված դեպքերի աճի կապակցությամբ, BBC-ին հաղորդել են աղբյուրները։

Ինքնամեկուսացման ռեժիմն այժմ սահմանված է մինչև ապրիլի վերջը։

Այս մասին դեռ պաշտոնական հաստատում չկա, սակայն այդ հարցը քննարկվում է մայրաքաղաքի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի միջանցքներում։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների ենթադրությամբ՝ ինքնամեկուսացման ռեժիմի երկարացման մասին կարող է հայտարարել նախագահը՝ մայիս ամսվա «ոչ աշխատանքային շաբաթներ ամբողջ երկրի համար» ձևակերմամբ։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային կհայտարարի միանգամից ամբողջ մայիս ամիսը, թե՞ դա կանի շաբաթ առ շաբաթ։

Նախորդ օրը հայտնի դարձավ Հաղթանակի շքերթը և «Անմահ գունդ» ակցիան հետաձգելու մասին։ «Կորոնավիրուսի հետ կապված սպառնալիքներն ինձ իրավունք չեն տալիս նախապատրաստվել Մայիսի 9-ի տոնակատարությանը»,- Անվտանգության խորհրդում ասել է Պուտինը՝ նաև խոստանալով, որ Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն այս տարի, բայց ավելի ուշ։ Ստույգ ամսաթիվ նա չի հայտնել։

Փոխանցում է BBC-ն։