17.04.2020 16:37

Բայդենը փոխնախագահ չի նշանակի Նյու Յորքի նահանգապետին

Բայդենը փոխնախագահ չի նշանակի Նյու Յորքի նահանգապետին

Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հավակնում է նախագահական ընտրություններում հանդես գալ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, իր ընտրության դեպքում մտադիր չէ փոխնախագահի պաշտոնում նշանակել Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոյին։

Այսպիսի հայտարարություն է նա արել CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։ Նրան հարց է տրվել, թե արդյո՞ք նա կվերանայի  փոխնախագահի պաշտոնում կնոջ նշանակելու իր մտադրությունը և կնշանակի այն քաղաքական գործչին, որն «իրեն լավ է դրսևորել համավարակի պայմաններում, օրինակ՝ Նյու Յորքի նահանգապետին»։

«Կարծում եմ՝ նահանգապետ Քուոմոն ինքն էլ կարող էր նախագահ դառնալ, նա հրաշալի մարդ է,- ընդգծել է Բայդենը։- Բայց ես նաև կարևոր եմ համարում, որ փոխնախագահը կին լինի։ ․․․ Կան բարձր որոկավորում ունեցող բազմաթիվ կանայք, որոնք բավարար գիտելիքներ ու փորձ ունեն՝ նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար։ Եվ ես շարունակում են այդ կարծիքին լինել»։

Նյու Յորքի նահանգապետը անցած շաբաթ հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել նախագահի կամ փոխնախագահի պաշտոններում։ «Ես քաղաքական ոչ մի օրակարգ չունեմ։ Ես չեմ առաջադրվի նախագահի պաշտոնում։ Եվ ոչ էլ՝ փոխնախագահի»,- ընդգծել է նա՝ նշելով, որ մտադիր է ջանքերն ուղղել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ուղղությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։