18.04.2020 12:02

Հանցավորությունը Բրիտանիայում․ «Սա պատերազմի ավարտ չէ, սա հրադադար է»

Հանցավորությունը Բրիտանիայում․ «Սա պատերազմի ավարտ չէ, սա հրադադար է»

Մեծ Բրիտանիայում կարանտին  մտցվեց մարտի 23-ին, և արդեն ապրիլի 15-ին ոստիկանությունը հայտարարեց, որ փողոցային հանցավորության մակարդակն իջել է 20 %-ով՝ դիտարկման պատմության ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշների։

Միևնույն ժամանակ ոստիկանությունը մտավախություն է հայտնում օնլայն-խարդախությունների բոլոր տեսակների կտրուկ աճի կապակցությամբ և արձանագրում է  ընտանեկան բռնությունների կրկնակի աճ։

Ապրիլի կեսերին բրիտանական բանտերից ազատ արձակվեց և, ըստ էության՝ տնային կալանքի տակ անցավ 4 հազար դատապարտյալ, սակայն կատարվող հանցագործությունների վիճակագրության վրա դա որևէ ազդեցություն չունեցավ։

«Չմտածեք, թե բանդաների անդամները կառավարության առաջին իսկ պահանջով պատրաստ են նստել տանը և հաճախակի լվանալ ձեռքերը։ Պետք է հստակ հասկանալ․ սա պատերազմի ավարտ չէ, սա հրադադար է։ Տղերքը, որ կողոպուտներով ու միմյանց միջև հարաբերությունները պարզելով են զբաղված, դուրս են գալու փողոց ու շարունակելու են իրենց գործը»,- BBC-ին ասել է Շելդոն Թոմասը, որը 1970-ականներին ինքն էլ նույնպիսի բանդա է ղեկավարել, իսկ 1990-ական թթ․ ստեղծել է Gangs Line հասարակական կազմակերպությունը և այժմ փողոցային հանցագործությունների վերաբերյալ խորհուրդներ է տալիս Սքոթլանդ-Յարդին ու կառավարությանը։

Փոխանցում է BBC-ն։