20.04.2020 14:01

Հրաձգություն Կանադայում․ ոստիկանական համազգեստով հանցագործը սպանել է 16 հոգու

Հրաձգություն Կանադայում․ ոստիկանական համազգեստով հանցագործը սպանել է 16 հոգու

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության հետևանքով սպանվել է 16 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից, հաղորդել է CBC-ն։

Հարձակում գործած անձը սպանվել է․ հաղորդվում է, որ նա եղել է ոստիկանական համազգեստով և տեղաշարժվել է ոստիկանության ավտոմեքենայի նմանվող մեքենայով։

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակման մեջ կասկածվողը 51-ամյա Գեբրիել Ուորթմանն է, որը ոստիկանության աշխատակից չէ։

Կանադայի վարչապետը հարձակումը բնորոշել է որպես «սոսկալի մի բան», իսկ Նոր Շոտլանդիայի կառավարության ղեկավար Սթիվեն Մաքնիլը հայտարարել է, որ դա «նահանգի պատմության ընթացքում ամենաանիմաստ բռնության ակտն է»։

Կանադական ոստիկանության ղեկավար Բրենդա Լուցկին CBC-ին հայտնել է, որ միջադեպն առայժմ չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն, և իրենք շարունակում են ուսումնասիրել հանցագործության դրդապատճառները։

Կանադայում նման միջադեպերը համեմատաբար այնքան էլ հաճախ չեն լինում։ Այդ երկրում զենք գնելը շատ ավելի դժվար է, քան հարևան ԱՄՆ-ում։

Փոխանցում է BBC-ն։