22.04.2020 14:40

Լիզա Ճաղարյան. «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ»-ի ճամփեքին ենք

Լիզա Ճաղարյան. «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ»-ի ճամփեքին ենք

Չնայած տասը տարի աշխատել եմ հեռուստատեսությունում եւ ռադիոյում, բայց ինձ այդ ոլորտի մասնագետ չեմ համարում եւ հիմա էլ ասելիքս ներկայացնում եմ որպես Հայաստանի շարքային քաղաքացի, որը երբեմն-երբեմն հեռուստահաղորդումներ է դիտում։

Եթե մի երկրում հեղափոխությամբ իշխանություն է փոխվում, ի՞նչ պետք է ակնկալի ահա՛ այդ երկրի այն քաղաքացին, որ երկար տարիներ զզվանքով ու անզորությունից ատամները սեղմած լսել է իր տեսած իրականությունից յոթ սարուձոր հեռու լուրեր, իր երկրում իր իսկ ապրած պատմության անգութ խեղաթյուրում, ամեն օր «պարզել է», որ ինքն ապրում է արդար ու դրախտային երկրում։ Կամ էլ՝ հրաժարվել է լսել ու տեսնել հեռուստաէկրանից հորդացող այդ կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ քիչ թե շատ ճշմարտությունն իմանալու համար հույսը դնելով հատուկենտ ընդդիմադիր թերթերի վրա։

Քաղաքացին պետք է ակնկալի, որ այդ կամակատար, թութակի նման նույն տեքստերը կրկնող հեռուստաալիքներն ազատություն կստանան հեղափոխությունից հետո, Բաղրամյան 26-ից առաքված գրաքննիչներն այլեւս չեն խմբագրի լրագրողների տեքստերը, եւ վերջապես հասարակությանը կմատուցվի ճշմարտությունը։

Հեղափոխությունից հետո արդարացա՞ն հեռուստադիտողների սպասելիքները։ Բոլորիս հայտնի մի խմբակի սպասելիքները «ծովից ծով» արդարացան։ Քանի որ հեղափոխությունը շատ թավշյա էր, «դրախտից արտաքսվածներն» իրենց կուտակած թալանից «մեծ սրտով» բաժին հանեցին մի կարճ ժամանակահատված անգլուխ մնացած հեռուստաընկերություններին եւ ինքնամոռաց նվիրվեցին հեղափոխությունն իրականացրած իշխանության վարկաբեկման գործին։ Փողը կա, այդ փողը հաճույքով վայելելու կազմուպատրաստ լրագրողները կան ու կան։

...Ու նախկիններին վռնդած եւ երջանկությունից շողշողացող ժողովրդի ժպիտը դեմքին սառեց։ Մինչեւ հիմա էլ էդպես սառել-մնացել է։

Չափազանցությու՞ն է ասվածը։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարելի է պատկերացնել Հայաստանի այն քաղաքացու վիճակը, որ վերջապես թոթափել է ատելի իշխանության լուծը եւ մի քանի օր անց լսում է, որ ինքը ժողովուրդ չի՝ թափթփուկների ու «պողոսների» հավաքածու է, անդեմ ու անուղեղ զանգված է, իսկ իր ընտրած իշխանությունն էլ «հող հանձնող» դավաճան է, տգետ է, խաբեբա է, նախկինների նման փորձառու սրիկա չի։

Ինքս չեմ դիտում այդ հեռուստաալիքների ո՛չ մի հաղորդում, բայց սոցցանցային լրատվության եւ ֆեյսբուքյան արձագանքների միջոցով էլ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում թալանչիների սեփականաշնորհած հեռուստաորջերում։

Պարզ է, չէ՞, որ ստեղծված թավշյա իրականության պայմաններում՝ իր գլխին անսպասելի թափված աղբի առատությունից սարսափահար ու կարկամած հեռուստադիտողը պետք է հայացքը դարձներ Հանրային հեռուստաընկերության կողմը, որը մինչ հեղափոխությունը Բաղրամյան 26-ի գլխավոր կամակատարն էր, բայց հեղափոխությունից հետո սպասվում էր, որ կվերադառնա իր իրական տիրոջ՝ հասարակության գիրկը, որովհետեւ, հիշեցնեմ, սա միակ հեռուստաընկերությունն էր, որն այդ նույն հասարակության հարկերի հաշվին է ապրում, եւ հեղափոխությամբ իշխանության եկածներն էլ ամեն օր պնդում են, որ երկրի տերը ժողովուրդն է։ Եվ եթե ռոբասերժիկների տարիներին այդ ժողովուրդն արհամարհված ու ստորացված էր, ապա հեղափոխությունից հետո, պարզ է՝ ժողովուրդ-հեռուստադիտողն սպասում էր, որ Հանրային հեռուստաընկերությունն է լինելու այդքան երկար սպասված ճշմարտության մունետիկը, խեղաթյուրված պատմությունը սրբագրողն ու խմբագրողը, տարիներ շարունակ մատուցված կեղծիքները վեր հանողն ու հերքողը, անկախացած Հայաստանի հերոսական տարիները, այդ նույն հասարակության մաքրամաքուր մաքառումները «մութ ու ցուրտ տարիներ» նողկալի ու դավաճանական պիտակավորումից ազատագրողը, թալանչիների սեփականաշնորհած հեռուստաալիքների կեղտոտ սելավի ազդեցությունը մեղմացնողը եւ վերջապես՝ նախկին ավազակախմբի հանցագործությունների տարեգիրը (հեռուստաէկրանից մատուցվող մշակութային աղբի մասին առայժմ չեմ խոսի)։

Ի՞նչ տեսավ Հայաստանի քաղաքացին իրեն պատկանող հեռուստաընկերությունում։ Տեսավ, որ դատապարտելի ոչինչ չկա կամակատար, ստախոս, կեղծարար լինելու մեջ։ Հասկացավ, որ այդ նույն կամակատարները, ստախոսներն ու կեղծարարները կարող են հանգիստ շարունակել իրենց գործը, որովհետեւ հեղափոխական իշխանությունները նույնպես, ո՜վ զարմանք, չեն խորշում կամակատարներից, նույնիսկ այդ կամակատարներին «անփոխարինելի» տիտղոսն են շնորհում։

Մենք դիմացկուն ժողովուրդ ենք, այնքան վատ բաներ են անցել մեր գլխներով, որ այս հարվածն ի՞նչ է՝ չդիմանանք։ Բայց թե Հանրային հեռուստաընկերության այս հաղթարշավը տեսնելով՝ ինչպիսի ավերիչ կասկածի որդ բուն դրեց իրենց սկզբունքները փողի դիմաց չփոխողների, հանուն ճշմարտության ու արդարության իրենց կյանքը հրապարակներում մաշածների, հազար ու մի զրկանք եւ բանտախցեր տեսածների, հանուն ազատության պայքարած հարազատներ կորցրածների հոգիներում, նոր իշխանությունն այդպես էլ չգիտակցեց ու մինչեւ հիմա էլ չի գիտակցում։ Իսկ այդ կասկածի որդն ասում էր. «Ուրեմն, կարելի է նաեւ հոգին ծախել «սատանաներին», հետո «հրեշտակները» կգան, կարելի է նաեւ այդ նույն «ապրանքը» նրանց ծախել. «հըբը մեր կյանքն ինչի՞ անցավ»»։

Հիմա ի՞նչ. ասենք «շնորհակալությո՞ւն» վարչապետի ուղերձի հետ կապված արտահոսքի հեղինակներին, մինչեւ գետին մեր երախտագիտությո՞ւնը հայտնենք ճղճիմ տեսանյութն իրար կցմցողներին, որ «ուշքի բերեցին» թավշյա իշխանությանը։

Ուրիշ ի՞նչ կարող ենք անել ա՛յն դեպքում, եթե այդ նույն հասարակության բազմաթիվ ահազանգերն անարձագանք էին մնում, եւ միայն այն պատճառով կատարվեցին այս կիսատ-պռատ փոփոխությունները, որովհետեւ նետն ուղղակիորեն երկրի իշխանությանն էր ուղղված։

Սխալվելու հույսս չեմ կորցնում։