23.04.2020 17:34

Օրե՛նքը պետք է լինի ամենաուժեղը

Օրե՛նքը պետք է լինի ամենաուժեղը

Երեկ հայտնի դարձավ, որ փողերի լվացման եւ ապօրինի հարստացման համար ՊԵԿ-ը մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Մինչ մեղադրանքը պաշտոնապես ներկայացնելը, Մինասյանի հարակից շրջանակներն արդեն առավել ակտիվ էին դարձել իրենց քարոզչության եւ հակաքարոզչության մեջ` «գովասանքների» շարաններ ներկայացնելով «մեծ հայորդու» մասին եւ գրեթե անիծելով իշխանություններին` «ապօրինի ոտնձգությունների եւ հետապնդման» համար:

Բայց սա ընդամենը մեկ դետալ է` ավելի մեծ, ընդգրկուն ու համակարգվող քարոզչության եւ «ընդդիմադիրների պայքարի» համայնապատկերում:

Նրանք նույն կերպ վարվում են 2018-ի հեղափոխությունից այս կողմ եւ հատկապես յուրաքանչյուր նոր մեղադրանք ի հայտ գալուց հետո:

Այսինքն, ոճական առումով բան չի փոխվել. «Այդ ո՞ւմ եք մեղադրանք առաջադրել, ա՛յ դավաճաններ, ուզում եք քանդե՞լ բանակը/հայկական ավանդական ընտանիքի ինստիտուտը/եկեղեցին/տնտեսությունը»: Ու երբեք, գրեթե երբեք չեն խոսում բուն մեղադրանքի բովանդակությունից: Փոխարենը, հարակից ճառեր որքան ուզեք. «Մեզ նման հայրենասերներին հեռացրել եք իշխանությունից, մարդկանց խաբել եք, թե ա՛յ հիմա լավ են ապրելու, բա ո՞ւր է, ինչի՞ մարդիկ միանգամից չհարստացան, մեզ նման փրկիչներին հեռացրել եք, որ գաք եւ ապազգային ծրագրեր իրականացնեք»:

Իհարկե, բարոյականությունից քիչ թե շատ գաղափար ունեցողները կարծում էին, թե ապրիլի 23-ը տեսնելուց հետո այս մարդիկ գոնե առժամանակ կլռեն ամոթից, կաշխատեն շատ չերեւալ եթերում, գուցե նաեւ մեղա գան, ընդունեն իրենց սխալները, հայտարարեն, որ փոխվելու են եւ այլն, եւ այսպես շարունակ:

Բայց՝ չէ, շատ կարճ տեւեց նրանց լռությունը. չզղջացին, սկսեցին խոսել, գնալով ավելի ու ավելի հանդուգն դարձան, իսկ այսօր արդեն` հատկապես կորոնավիրուսով պայմանավորված այս փորձության ժամանակ իրենց քարոզչությամբ ագրեսիվ են առավել, քան երբեւէ, այնքան, որ արդեն բացահայտ սպառնում են հեղափոխություն անել:

Այո, այն մարդիկ, որոնց հեռացումը հարյուր հազարավոր մարդիկ շամպայններով տոնում էին փողոցներում, արդեն բացահայտ սպառնում են հեղափոխությամբ վերադառնալ: Իհարկե, նրանց պարագայում պարզ է, որ երբ իրենք ասում են «հեղափոխություն», սա չի նշանակում՝ հարյուր հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելու միջոցով հեղափոխություն, իրենց համար դա միայն պալատական հեղաշրջում կարող է լինել: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ ամենատարբեր հանցանքների մեջ թաղված նախորդ իշխանության ամբողջականությունը, դե յուրե այլեւս չունենալով իշխանություն, ոչ թե պաշտպանվող-արդարացողի դիրքերում է, այլ` հարձակվողի:

Ոչ թե ցաքուցրիվ եւ ինքնաբուխ ու ինքնաբերաբար, այլ` համակարգված:

Եւ այդտեղ իշխանությունն անելիք ունի:

Նախորդներն ամբարտավանացել են, որովհետեւ գիտեն, որ եթե իրենք անգամ ամենաանմեղ մարդկանց էին մեկ օրում կարողանում դատարանով փակել բանտերում, այս իշխանությունների օրոք թեեւ հրապարակավ հայտարարվում է, բայց փաստացի՝ օրենքի ուժն իրենք այդպես էլ չզգացին սեփական մաշկի վրա:

Հենց դա է պատճառը, որ, ամոթից լռելու փոխարեն, նախորդներն ու նրանց արբանյակները սպառնում են, թե քիչ մնաց՝ հեղափոխություն են անելու:

Խոսքն, անշուշտ, այն մասին չէ, որ իշխանությունները պետք է նախորդ բոլորին կալանավորեն, անկախ այն բանից, թե ով է մեղավոր, ով` անմեղ, եւ դիկտատուրա հաստատեն երկրում:

Խոսքն օրինականության ուժի մասին է: Ամենաուժեղը կարող է եւ պետք է լինի օրենքը: Իշխանությունները պարտավոր էին երկրում օրենքի, միայն ու բացառապես օրենքի «դիկտատուրա» հաստատել:

Երբ օրենքը ուժ չի ունենում, ուժեղ են դառնում հակաօրինականությունն ու հակաօրինականները:

Հասկանում ենք, որ կորոնավիրուսի այս շրջանում` օր-օրի ծանրացող տնտեսական իրավիճակի պայմաններում, իշխանության գլխին նոր փորձություններ են կախվել:

Բայց հիմա, առավել քան երբեւէ, նրանք պիտի ավելի իմաստուն ու լայնախոհ լինեն, որովհետեւ եթե սխալվեն, ապա ոչ միայն իրենց, այլեւ` ամբողջ երկրի համար է ծանր լինելու:

Հ.Գ. Նախորդներն, անշուշտ, բոլորից էլ լավ գիտեն, որ հանրության շրջանում ինչպես որ աջակցություն չեն ունեցել, այնպես էլ չունեն հիմա: Նրանք, իհարկե, այդ մտքի հետ շատ են կռիվ տալիս եւ չեն հաշտվում դրա հետ, բայց զուգահեռաբար նաեւ՝ հանրությունը եւ նրա կարծիքը նրանց քաղաքական պլանների մեջ ինչպես որ չեն մտել, այնպես էլ չեն մտնում հիմա:

Հանրությունը նրանց համար եղել է եւ կա միայն շահարկման գործիք:

 

Արսեն Օհանյան