27.04.2020 19:46

Բացեք-փակեք, բացեք-փակեք

Բացեք-փակեք, բացեք-փակեք

Երբ կորոնավիրուսի, դրա տնտեսական առկա ծանր ու հնարավոր ավելի ծանր հետեւանքներից մտահոգվում են պարզապես քաղաքացիները, ամեն բան հասկանալի ու տրամաբանական է: Տրամաբանական է, երբ մարդկանց մի մասն ասում է, որ պետք է խստացնել կարանտինի ռեժիմը, մեկ այլ մաս հայտարարում է, թե պետք է հնարավորություն տալ մարդկանց աշխատելու ու գումար վաստակելու, մյուսները պնդում են, թե տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ պետությունը ավելի շոշափելի ֆինանսական օժանդակություն պետք է տրամադրի քաղաքացիներին, պետական լծակներով առժամանակ հետաձգի վարկերի ու կոմունալների վճարման խնդիրները, եւ այլն, եւ այլն:

Բայց երբ այդ մասին մտահոգվում են նախորդ «մտահոգներն» ու նրանց հարակից «չեզոք» շրջանակները, հասկանում ես, որ նրանց մտահոգության թիրախն ու պատճառն ամենեւին էլ քաղաքացիները չեն: Նրանց մտահոգության պատճառը ոչ էլ անգամ իրենց ֆինանսական վիճակն է որովհետեւ իրենք ինչպես որ ապահովված են եղել, իսկ նրանցից ոմանք, մեղմ ասած՝ խիստ ապահովված, այնպես էլ հիմա են, ուստի եւ հացի խնդիր իրենք հաստատ չեն ունեցել, հիմա էլ չունեն: Նրանց մտահոգության պատճառը քաղաքական է, ավելի ճիշտ` քաղաքական շահարկումը:

Որովհետեւ հասկանալի չէ, թե այդ ինչպես է լինում, որ նրանք պահանջում են երկիրը մտցնել արտակարգ դրության ռեժիմի մեջ ու խիստ սահմանափակումներ սահմանել, հետո, երբ այդ սահմանափակումները մտցնում են, բողոքել, թե եթե աշխատատեղերը փակել եք, հապա ինչպե՞ս մարդիկ աշխատեն ու գումար վաստակեն, ինչո՞վ ապրեն մարդիկ:

Որովհետեւ հասկանալի չէ, թե ինչպես են էլեկտրաէներգիայի ու գազի վճարների  հետ առաջացած խնդրից բողոքում նրանք, ովքեր էլեկտրաէներգիան ու գազը վաճառել են ուրիշ պետության, եւ հենց իրենց թեթեւ ձեռքով է այնպես ստացվել, որ այդ ուրիշ սեփականատերերը բոլոր իրավունքներով պահանջում են վճարները:

Որովհետեւ հասկանալի չէ, թե ինչպե՞ս է, որ մարդկանց տրվող սոցիալական օժանդակության չափերից դժգոհում են նրանք, ում թեթեւ ձեռքով երկրի տնտեսությունը հայտնվել էր այն վիճակում, ինչ վիճակում որ կար մինչեւ 2018-ի ապրիլը:

Որովհետեւ հասկանալի չէ, թե ինչու են միջոցների անբավարար լինելուց բողոքում նրանք, ովքեր խոշոր կապիտալներ ունեն եւ դժգոհելու փոխարեն՝ կարող էին հանգանակություն կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետության կողմից բացված հաշվեհամարին:

Որովհետեւ հասկանալի չէ, թե ինչու են չգրանցված աշխատողների հարցը շահարկում գործիչներ, ովքեր կա՛մ իրենք, կա՛մ իրենց մտերիմներն ունեն չգրանցված աշխատողներ:

Հ.Գ. Կասկած չկա, որ եթե կառավարությունը հենց այսօր հանի տնտեսական բոլոր սահմանափակումները, նույն անձինք կընդվզեն, թե ինչու եք հանուն տնտեսության վտանգում մարդկանց առողջությունը, իսկ եթե նրանց լսեն ու նորից սահմանափակեն, ապա կբողոքեն, թե բա էդ աշխատանքային գործունեությունները որ սահմանափակել եք, մարդիկ ինչո՞վ ապրեն:

Մի խոսքով` փակե՛ք, չէ՝ բացեք, չէ՝ փակեք, չէ՝ բացեք.....

 

Արսեն Օհանյան