28.04.2020 12:21

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 3 միլիոնից

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 3 միլիոնից

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է երեք միլիոնից, 210 հազարից ավելի մարդ մահացել է։

Հիվանդների ամենամեծ թիվը՝ գրեթե մեկ միլիոն մարդ, արձանագրվել է ԱՄՆ-ում։

Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից և Covid-19-ի բացահայտված դեպքերի թվով զբաղեցնում է իններորդ տեղը․ այստեղ արձանագրվել է գրեթե 90 հազար վարակակիր։

Երկուշաբթի օրը եվրոպական մի շարք երկրներ և ամերիկյան որոշ նահանգներ սկսել են աստիճանաբար մեղմացնել կոշտ կարանտինային միջոցառումները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, ասել է, որ կառավարությունն առայժմ մտադիր չէ մեղմացնելու կարանտինը, և բնակչությանը կոչ է արել համբերատար լինել՝ խոստանալով, որ առաջիկա օրերին կհրապարակի հետագա գործողությունների պլանը։

Փոխանցում է BBC-ն։